Միջազգային

«Որպես հմուտ տանտիրուհի՝ կասեմ․ ապասառեցումը ժամանակ է պահանջում»․ Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ առաջընթացի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ավարտի մասին լուրերի ֆոնին, վերջին ժամանակներս, ցավոք, հաճախակիացել են երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին հաղորդագրությունները»,- ասել է նա։ 

Մոսկվան գործընկերներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է տարածաշրջան գալ խորհրդակցություններ անցկացնելու համար

Զախարովան հայտնել է նաև, որ Ռուսաստանը ողջունում է Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը։

«Սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը, միայն ուրախ ենք տեսնել այն երկրների ղեկավարներին, որոնք հրավեր են ստացել և հաստատել իրենց մասնակցությունը»,- ասել է նա:

Անդրադառնալով Երևանի կողմից ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին հարցին՝ Զախարովան նշել է․ «Ես ուզում եմ ձեզ ասել, որպես հմուտ տանտիրուհի, որ ապասառեցումը ժամանակ է պահանջում»: