Իսրայելի զորքերը վերահսկողություն են հաստատել Գազայի տարածքը կիսող միջանցքի մի հատվածի վրա: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն և կուժեղանան, քանի դեռ «ՀԱՄԱՍ»–ն ազատ չի արձակել տասնյակ պատանդներին և չի զիջել տարածքի վերահսկողությունը։
Իսրայելի զինվորականները հայտնել են, որ վերահսկողության տակ են վերցրել Նեթզարիմի միջանցքի մի մասը, որը բաժանում է Գազայի հյուսիսը հարավից։ Այդ հատվածից նրանք նախկինում դուրս էին բերվել՝ հունվարին սկսված հրադադարի շրջանակներում։ Սակայն այդ հրադադարը խախտվեց երեքշաբթի՝ Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 400 պաղեստինցի, հիմնականում կանայք և երեխաներ։
Չորեքշաբթի Իսրայելի ցամաքային առաջխաղացումը, ներառյալ լրացուցիչ զորքերի տեղակայումը Գազայի հարավում, մեծացնում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը։ Հրադադարը որոշ ժամանակով հանգստություն էր բերել պատերազմից տուժած պաղեստինցիներին, թույլ էր տվել մարդասիրական օգնության ներհոսք Գազա և հանգեցրել էր տասնյակ պատանդների ազատ արձակմանը, որոնք ավելի քան 15 ամիս պահվել էին «ՀԱՄԱՍ» կողմից,– գրում է APnews-ը։
Իսրայելի ներսում Գազայում ռազմական գործողությունների վերսկսումը անհանգստություն է առաջացրել՝ կապված «ՀԱՄԱՍ» կողմից պահվող մոտ երկու տասնյակ պատանդների ճակատագրի հետ։ Երուսաղեմում հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ պահանջելով կառավարությանն անհապաղ համաձայնության գալ՝ գերիներին տուն վերադարձնելու համար։
«ՀԱՄԱՍ»–ի խոսնակ Աբդել-Լատիֆ ալ-Քանուն հայտարարել է, որ Գազայում Իսրայելի ցամաքային գործողությունները «հստակ ցույց են տալիս, որ Իսրայելը հրաժարվել է հրադադարից և վերականգնում է շրջափակումը»։ Երեքշաբթի օրվա ռմբակոծությունից հետո «ՀԱՄԱՍ»–ի կողմից հրթիռային հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեքշաբթի, երբ Իսրայելը խախտեց հրադադարը, զոհվել է 436 պաղեստինցի, այդ թվում՝ 183 երեխա։