Միջազգային

«Ուկրաինան ընդունել է անվերապահ հրադադարի առաջարկը»․ Զելենսկի

 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դրական, շատ բովանդակալից և անկեղծ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

«Պայմանավորվեցինք, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն աշխատել միասին՝ հասնելու պատերազմի իրական ավարտին և կայուն խաղաղությանը։ Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի, նախագահ Թրամփի և ամերիկյան ղեկավարության օգնությամբ այս տարի կարող ենք հասնել կայուն խաղաղության»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ նախագահ Թրամփը կիսվել է Պուտինի հետ իր հեռախոսազրույցի և քննարկված առանցքային հարցերի մանրամասներով։ Ըստ նրա՝ պատերազմի ամբողջական ավարտի առաջին քայլերից մեկը կարող է լինել էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցումը:

«Ես աջակցեցի այս քայլին, մենք պատրաստ ենք այն իրականացնել։ Մեր թիմերն այս քայլը քննարկել են Ջիդայում։ Առաջնագծում անվերապահ զինադադարի առաջարկ է արել նաև ամերիկյան կողմը, այս առաջարկը ևս Ուկրաիանան ընդունել է։ Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի դա տեղի ունենա: Նման քայլերն անհրաժեշտ են հրադադարի ընթացքում համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հնարավորություն ստեղծելու համար»,- ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփին է ներկայացրել մարտի դաշտում տիրող իրավիճակը և ռուսական հարվածների ազդեցությունը։ Խոսել են Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել ռազմագերիների ազատ արձակման և ռուսական զորքերի կողմից գերեվարված ուկրաինացի երեխաների վերադարձի խնդրին։

«Քննարկել ենք նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և այն ուժեղացնելու հնարավորությունը՝ մարդկանց կյանքեր պաշտպանելու համար։ Մենք մեր թիմերին հանձնարարել ենք լուծել տեխնիկական հարցեր՝ կապված մասնակի հրադադարի իրականացման և ընդլայնման հետ։ Ուկրաինական և ամերիկյան թիմերը պատրաստ են առաջիկա օրերին հանդիպել Սաուդյան Արաբիայում՝ շարունակելու խաղաղության հասնելու քայլերի համակարգումը։ Մենք հանձնարարել ենք մեր խորհրդականներին և ներկայացուցիչներին հնարավորինս արագ իրականացնել այդ աշխատանքները։ Հետագա հանդիպումներում թիմերը կարող են պայմանավորվել կայուն խաղաղության և անվտանգության երաշխիքների ուղղությամբ շարժվելու բոլոր անհրաժեշտ ասպեկտների շուրջ»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին և ամերիկացի ժողովրդին՝ աջակցության համար։ «Շեշտեցի, որ ուկրաինացիները խաղաղություն են ուզում, ուստի Ուկրաինան ընդունեց անվերապահ զինադադարի առաջարկը։ Ես ընդգծեցի նախագահ Թրամփի՝ ուժի միջոցով խաղաղության հայեցակարգի կարևորությունը։ Մենք պայմանավորվեցինք մշտական ​​կապ պահպանել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով և մեր թիմերի միջոցով»,- եզրափակել է Զելենսկին։