Telegram-ն ունի ամսական ավելի քան մեկ միլիարդ ակտիվ օգտատեր, ինչն այն դարձնում է երկրորդ ամենահայտնի մեսենջերը (չհաշված WeChat-ը, որը նախատեսված է միայն Չինաստանի համար)։ Այս մասին հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։
Նա նշել է, որ միջին հաշվով յուրաքանչյուր օգտատեր օրական 21 անգամ բացում է Telegram-ը և հավելվածում ծախսում 41 րոպե։
Դուրովն անդրադարձել է նաև WhatsApp-ին՝ նշելով, որ այն Telegram-ի էժանագին, պարզունակ պատճենն է, թեև ցուցանիշով առաջատարն է։
«Տարիներ շարունակ նրանք ապարդյուն փորձել են կրկնօրինակել մեր նորարարությունները՝ միլիարդներ ծախսելով լոբբիստական և PR արշավների վրա՝ դանդաղեցնելով մեր աճը: Բայց նրանք ձախողեցին։ Telegram-ը շարունակում է աճել, շահույթներ բերել և, ի տարբերություն իր մրցակցի, պահպանում է իր անկախությունը»,- հայտնել է նա։
Նշվում է, որ 2024 թվականին մեսենջերն ստացել է 547 միլիոն դոլարի շահույթ։