Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ գերմանական BILD- ին տված բացառիկ հարցազրույցում։
BILD-ին տված հարցազրույցում Պորոշենկոն լուրջ մեղադրանքներ է հնչեցրել Զելենսկու դեմ:
«Նա այն թիմի դժբախտ առաջնորդն է, որը ազգին տանում է դեպի բռնապետություն։ Ուկրաինան Ռուսաստան չէ, և մենք թույլ չենք տա, որ Ուկրաինայում բռնապետություն հաստատվի»,- ասել է նա։
Պորոշենկոն իր և իր կուսակցության դեմ պատժամիջոցներն անվանել է հարձակում ազատության և ժողովրդավարության վրա: Այն հարցին, թե ինչու է նա գտնվում պատժամիջոցների տակ, Պորոշենկոն չի կարողացել պատասխան տալ:
«Ես միակ քաղաքական առաջնորդն եմ, ընդդիմության միակ առաջնորդը, որը պատժամիջոցների է ենթարկվել առանց որևէ բացատրության։ Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, հակասահմանադրական է, անօրինական է, դատական որոշում չկա։ Դա պարզապես շատ հիմար, անօրինական, հանցավոր օրենքի խախտում է»,- ընդգծել է նա։
BILD-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է Զելենսկու և Ուկրաինայի դեմ իր մեղադրանքների մասով, Պորոշենկոն պատասխանել է.
«Եթե դուք ինձ հարցնում եք բռնապետության մասին, ապա պատասխանը պարզ է, բռնապետը Պուտինն է։ Բայց բացարձակապես անընդունելի է, երբ Ուկրաինան մոտենում է ժողովրդավարության և ազատության սահմաններին, երբ տեղի են ունենում հարձակումներ տեղական ինքնակառավարման վրա, երբ ընդդիմության առաջնորդը ենթարկվում է ապօրինի և հակասահմանադրական հետապնդման։ Դա պետք է անհապաղ դադարեցվի: Ոչ թե այն պատճառով, որ գործն ինձ է վերաբերում, այլ այն պատճառով, որ մենք պետք է միասնություն պահպանենք։ Իսկ միասնությունը որոշիչ, շատ ուժեղ գործոն է Պուտինին կանգնեցնելու համար»,- ասել է նա։
Հարցին թե վերջերս լուրեր տարածվեցին, որ Թրամփը ցանկանում է Զելենսկու հրաժարականը, Պորոշենկոն մեկնաբանել է.
«Ով կլինի Ուկրաինայի առաջնորդը, դա ուկրաինացի ժողովրդի գործն է։ Գիտեք, թե ինչ է ասել Զելենսկին իր նախընտրական ծրագրում 2019 թվականին: «Ես երկրորդ անգամ չեմ առաջադրվելու։ Ես կավարտեմ իմ առաջին ժամկետը և կհեռանամ»։ Եթե դա նրա ուղղակի խոստումն է, ինչու ես պետք է իմ կարծիքը հայտնեմ այս հարցի վերաբերյալ»։