Միջազգային

Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով այսօր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկը, նշել է. «Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ վարչապետի գրասենյակի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը, Ադրբեջանի նկատմամբ միանգամայն անհիմն հավակնությունների հետ մեկտեղ, խեղաթյուրում է սահմանային շրջաններում տեղի ունեցող իրողություններն ու գնդակոծության փաստերը»: 

«Բարի կամք դրսևորելու և նման սադրանքներից հրաժարվելու փոխարեն, հայկական կողմն առաջարկում է բարդ և գրեթե անիրագործելի նախաձեռնություններ, որոնք ոչ մի հիմք չունեն, ինչպես դա եղավ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շուրջ 30-ամյա օկուպացիայի ժամանակ։ Դա հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված առաջարկները՝ օկուպացիան դադարեցնելու կոչերի փոխարեն։ Եթե Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտարարում է վարչապետի գրասենյակը, իսկապես հավատարիմ է խաղաղության օրակարգին, տեղին կլիներ բացատրություն տալ, թե ինչպես է զանգվածային ռազմականացումը, այդ թվում՝ հարվածային սպառազինության տեղակայումը սահմանամերձ շրջաններում, ծառայում այդ օրակարգին»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նա հավելել է, որ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշմամբ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ չեն արվել։