Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ պատերազմը կարող է ավարտվել 2025 թվականին, և ցանկանում են, որ այն տեղի ունենա հենց այս տարի։ Այս մասին Firstpost հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
«Մենք հավատում ենք, որ պատերազմը կավարտվի այս տարի, մենք իսկապես ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի այս տարի։ Մեզ բոլորիս միավորում է այս ռազմավարական նպատակը՝ հասնել արդար, համապարփակ և հարատև խաղաղության»,- հայտարարել է նա։
Ըստ արտգործնախարարի՝ Ուկրաինան աջակցում է հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին։ «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կընդունի անվերապահ հրադադարի առաջարկը։ Դա հսկայական քայլ կլինի այս խաղաղությունը ավելի մոտեցնելու համար», - հավելել է Ուկրաինայի ԱԳ նախարարը: