Միջազգային

Ռուսները Կուրսկում օգտագործում են օպտիկամանրաթելային ԱԹՍ-ներ

BBC -ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Կուրսկի մարզում ուկրաինական բանակի զինծառայողների վիճակը ծանր է։ Նրանք ծառայությանը պատմել են նահանջի ժամանակ ստեղծված իրավիճակը՝ նկարագրելով այն, «որպես սարսափ ֆիլմի» տեսարաններ։

Նրանք հայտնել են, որ մարդկանց և սարքավորումների տեղափոխումը իրականցվում է Ուկրաինայի Սումիի շրջանը Սուջային կապող միակ երթուղով, որը վերջին գործողություններից հետո գտնվում է ռուսների ուղիղ կրակի տակ։ Զինվորականի խոսքով՝ մեկ ամիս առաջ այդ ճանապարհով կարելի էր համեմատաբար անվտանգ տեղաշարժվել։ Մարտի 9-ին այն ամբողջությամբ անցել է հակառակորդի կրակային հսկողության տակ՝ դրոնները թռչում են շուրջօրյա։

«Մեկ րոպեում կարելի է տեսնել երկու-երեք անօդաչու թռչող սարք։ Դա շատ-շատ է», - պարզաբանել է նա։

Ռազմական փորձագետների գնահատականներով՝ Կուրսկի շրջանում վերահսկողությունը վերականգնելու համար Ռուսաստանն այնտեղ կենտրոնացրել է մինչև 70 հազար զինծառայող, այդ թվում՝ մոտ 12 հազար հյուսիսկորեացի:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ այնտեղ է ուղարկել նաև անօդաչու թռչող սարքերի օպերատորների լավագույն ստորաբաժանումներ, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և FPV անօդաչու թռչող սարքեր, որպեսզի «կրակային հսկողության տակ վերցնեն հիմնական լոգիստիկ երթուղիները»: Ռուսական զորքերն այստեղ օգտագործել են նաև օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքեր, որոնք հնարավոր չէ ճնշել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով:

Զինվորներից մեկը պատմել է, որ շատերը ոտքով նահանջել են՝ անցնելով 15-20 կմ: Իրավիճակը, նրա խոսքով, բարդ ու կրիտիկական վիճակից վերածվել է աղետալի վիճակի։