Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով երկրի խորհրդարանի կայքում հոդված է հեղինակել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենալուրջ խոչընդոտը Հայաստանում ռևանշիստական միտումներն են։
«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունների շրջանակներում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում շարունակվող ռևանշիզմի միտումը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Սահմանադրության և այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների փոփոխության ուղղությամբ քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի սրընթաց սպառազինումը շարունակում են հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջնականացման համար ամենալուրջ խոչընդոտները մնալ»,-ասվում է հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ այս հարցերը Ադրբեջանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում են։ Նա նաև նշել է, թե դիվանագիության ուշադրության կենտրոնում են անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ միջազգային ջանքերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանից վտարված շուրջ 300 հազար ադրբեջանցիների իրավունքների վերականգնման հարցը: