Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պետական սահմանն ապօրինի հատելու գործով: Դատավճիռը այսօր հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանը։ Սահմանն ապօրինի հատելու համար նրան պատիժ է նշանակվել 4 տարի 6 ամիս ժամկետով:
Քանի որ Վրաստանի դատարաններն արդեն Միխեիլ Սաակաշվիլիին ընդհանուր առմամբ դատապարտել են 9 տարվա ազատազրկման, դատավոր Ջինջոլիան հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահն ի վերջո անազատության մեջ կանցկացնի 12 տարի 6 ամիս:
«Այս դատավճռով [սահմանն ապօրինի հատելու գործով ժամկետը] մասնակիորեն գումարվում Է Թբիլիսիի քաղաքային դատարանի 2025 թվականի մարտի 12- ի դատավճռով նշանակված պատժին՝ 8 տարի ժամկետով։ Արդյունքում, դատավճիռների համակցությամբ, Միխեիլ Սաակաշվիլիին վերջնական պատիժ է սահմանվում 12 տարի 6 ամիս ժամկետով՝ ազատազրկման միջոցով», - հայտարարել է դատավոր Միխայիլ Ջինջոլիան։
Ըստ այդ դատավճռի՝ Միխեիլ Սաակաշվիլին անազատության մեջ կմնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը:
Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահը երկիր է ժամանել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին և ձերբակալվել հոկտեմբերի 1-ին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով (պետական սահմանի ապօրինի հատում)։
Մինչ Վրաստան վերադառնալը Սաակաշվիլին հեռակա ազատազրկման էր դատապարտվել երկու գործով՝ Սանդրո Գիրգվլիանիին սպանողներին ներում շնորհելու և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Միաժամանակ, նրա դեմ շարունակվում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի գործով դատավարությունները։
Բացի այդ, «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում քննիչ հանձնաժողով է ստեղծել՝ «Միասնական ազգային շարժման» կառավարման շրջանում կատարված հանցագործությունները հետաքննելու համար: