Միջազգային

«Ուկրաինայում զորքեր տեղակայելու համար ՌԴ թույլտվությունը պետք չէ». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրող այլ երկրներ զինվորական «մեծաքանակ» զորախումբ չեն ուղարկելու։ Փոխարենը, այդ երկրները կարող են տեղակայել մի քանի հազար զինվորական՝ առանց Ռուսաստանի թույլտվության։

Ֆրանսիայի նախագահը Le Parisien և La Dépêche de Midi թերթերին տված հարցազրույցում ասել է, որ «մի քանի եվրոպական և ոչ եվրոպական երկրներ» արտահայտել են իրենց պատրաստակամությունը մասնակցելու Ուկրաինայում զինվորականների հնարավոր տեղակայմանը՝ նպատակ ունենալով ապահովել ապագա խաղաղության համաձայնագիրը Ռուսաստանի հետ։

«Դա կարող է ենթադրել, որ յուրաքանչյուր երկիր տեղակայելու է մի քանի հազար զինվոր Ուկրաինայի կարևոր կետերում՝ ուսումնական ծրագրեր իրականացնելու և մեր երկարաժամկետ աջակցությունը ցուցադրելու համար»,– նշել է Մակրոնը։

Հանգստյան օրերին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հնարավոր զորախմբերը կարող են ծառայել որպես «անվտանգության երաշխիք» Ուկրաինայի համար։

«Ոչ մի դեպքում ուկրաինացիները չեն կարող տարածքային զիջումներ անել առանց անվտանգության երաշխիքների»,– ասել է նա։

Չնայած Մոսկվան կտրականապես դեմ է նման տեղակայմանը, Մակրոնն ասել է, որ Ռուսաստանի թույլտվությունը դրա համար հարկավոր չէ։

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է։ Եթե Ուկրաինան դաշնակից ուժերին հրավիրում է իր տարածք, Ռուսաստանը որևէ իրավասություն չունի դա ընդունելու կամ մերժելու»,– հայտարարել է նա։

Ըստ Մակրոնի՝ Պուտինը սրում է ռազմական գործողությունները և փորձում է «ամեն ինչ ստանալ, ապա միայն բանակցել»։

«Ռուսաստանը պետք է հստակ արձագանքի, և ճնշումը պետք է ակնհայտ լինի՝ ԱՄՆ-ի հետ համատեղ, որպեսզի ստանանք այս հրադադարը»,– եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։