Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի հրաձգարաններ զորավարժության համար: Այս մասին հաղորդում է ռուսական պետական Russia Today լրատվականը՝ ընդգծելով, որ դրանք մի ամսվա ընթացքում նորից կվերադարձվեն Գերմանիայի իրենց տեղակայման վայրերը։ Ըստ փաստաթղթերի, որոնք ուսումնասիրել է RT-ն, փոխադրումը նախատեսում են իրականացնել Վրաստանի տարածքով։
ԱՄՆ պետգնումների պորտալի տվյալներով՝ Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է գերմանական Դյուլմենի ռազմաբազայից սարքավորումների տեղափոխում իրականացնել Հայաստանի Զառ ռազմաբազա: Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը: Վերադարձը Գերմանիա, ինչպես ասվում է տրանսպորտային ծառայությունների մատուցման մրցույթում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը:
Պայմանագիրը նախատեսում է նաև սարքավորումների տեղափոխում Հայաստանի Արմավիրի ուսումնական զորավարժարանից Վրաստանի Փոթի նավահանգիստ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորումներ, ներառյալ տրանսպորտային միջոցները, գեներատորները և մասնագիտացված բեռնարկղերը: