Միջազգային

ՌԴ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրման համար հարթակ տրամադրել

ՌԴ-ն ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականներին եռակողմ համաձայնագրերով։

Մենք նպատակ ունենք ամեն աջակցություն ցուցաբերել խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման և Բաքվի ու Երևանի միջև խնդիրները լուծելու համար, ներառյալ՝ խաղաղ համաձայնագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր սահմանի սահմանազատման և հումանիտար հարցերի հետ կապված՝ գործընկերների համար ընդունելի չափով և ձևով։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։

Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասված է հայտարարությունում։