Միջազգային

Պուտինի խնդրանքով Թրամփը իր բանագնացին հեռացրել է բանակցություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվայի խնդրանքով հեռացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին պատերազմի կարգավորման վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններից, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ լրագրողների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան չափազանց «ուկրաինամետ» է համարել։

Լրագրողները նշում են, որ Քելլոգը բացակայել է Սաուդյան Արաբիայում և՛ ռուսական, և՛ ուկրաինական պատվիրակությունների հետ վերջին բանակցություններից, թեև դրանք «նրա իրավասության տիրույթում են եղել»։

«Քելոգը նախկին ամերիկացի գեներալ է, ով չափազանց մոտ է Ուկրաինային: Նա մեր տեսակը չէ, այն տրամաչափը չէ, որը մենք փնտրում ենք», - NBC մեջբերել է անանուն ռուս պաշտոնյայի խոսքերը:

Նշենք, որ Պուտինը նախօրեին բանակցություններ է վարել Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի հետ։