Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացման մեղավորը նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է եղել։
«Էնթոնի Բլինքենի քաղաքականությունը գործնականում զրոյացրել է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,- ասել է Ալիևը Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը և ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ կառուցել են երկկողմ հարաբերություններ: «Մենք՝ Ադրբեջանը, եղել ենք ԱՄՆ-ի հուսալի և մտերիմ գործընկերը, և նրանք նույնպես մեզ հետ են եղել: Երբ նրանք մեզ պետք էին, մենք կանգնած ենք եղել նրանց կողքին՝ լինի դա Իրաքի, թե Աֆղանստանի մասին խոսքը: Չլինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ադրբեջանը 2001 թվականին միացել է Աֆղանստանում իրականացվող գործողություններին: Հենց մեր զորախումբն է վերջինը լքել այդ երկիրը»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, Ալիևը ընդգծել է, որ Աֆղանստանից ադրբեջանական զինվորականների դուրս գալուց հետո «մեր դեմ սահմանվել են պատժամիջոցներ, ինչը մեծ հիասթափություն է առաջացրել Ադրբեջանում»: