Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է:
«Մեզ երաշխիքներ են պետք, որ իրենց Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Սա մեր ուղերձն է Հայաստանին»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանին զենքի մատակարարման հարցին։
«Նրանք մեծացնում են իրենց ռազմական ներուժը։ Սա ցույց է տալիս, որ պատրաստվում են նոր պատերազմի։ Իսկ ո՞վ է նրանց նորից մղում պատերազմի։ Ֆրանսիան և նրա նախագահը. Այն մահաբեր զենքը, որը նրանք մատակարարում են Հայաստանին, ուղղված է մեր դեմ։
Եվրոպական դիտորդական առաքելություն կոչվածը, որն իրականում Եվրամիության հետախուզական առաքելությունն է, գիշեր-ցերեկ կանգնած է մեր սահմաններին, ինչպես լրտեսներ, որոնք հարմար սողանցքներ են փնտրում թափանցելու համար։ Մենք նաև ունենք բավարար հետախուզական տվյալներ այդ առաքելության վերաբերյալ։
Զենքի մատակարարումները գալիս են ոչ միայն Ֆրանսիայից։ Ինչո՞ւ են նրանք դա անում: Ինչի՞ են պատրաստվում։ Եթե խաղաղություն են ուզում, սրա կարիքը չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։