Պակիստանի անվտանգության ուժերը հայտարարել են, որ Բելուջստանի Ազատագրության Բանակի (BLA) կողմից գերեվարված մոտ 190 անձանց հաջողվել է ազատ արձակել։ Զինված բախումների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ։
Գերեվարումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ BLA-ի զինյալները պայթեցրել էին երկաթգծի մի հատված և հարձակվել «Ջաֆար Էքսպրես» գնացքի վրա, որտեղ գտնվել է շուրջ 450 ուղևոր։
Պաշտոնյաների տեղեկություններով՝ 33 զինյալ և 21 պատանդ սպանվել են, երբ զինվորականներն ու անվտանգության ծառայությունները սկսել են օդային և ցամաքային գործողություն գնացքի ազատագրման նպատակով։
BLA-ն սպառնացել էր սկսել պատանդներին սպանել, եթե իշխանությունները 48 ժամվա ընթացքում չկատարեն բելուջ քաղբանտարկյալների, ակտիվիստների և անհետ կորած անձանց ազատ արձակման իրենց պահանջը։
Չորեքշաբթի երեկոյան խմբավորումը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ սպանել է 50 պատանդ՝ «Պակիստանի կողմից լուրջ բանակցություններ չվարելու պատճառով»։ Ավելի վաղ BLA-ն հայտարարել էր, որ իր ձեռքում է 214 պատանդ, որոնց մեծ մասը անվտանգության ծառայությունների աշխատակիցներ են։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ BLA-ն որոշ պատանդների մոտ տեղադրել էր պայթյունավտանգ գոտիներով զինված իր մարտիկների, ինչը բարդացրել էր նրանց փրկության գործողությունը։ Բացի այդ, ըստ իշխանությունների, գործողությունները բարդացել են տարածքի հեռավորության ու անհասանելիության պատճառով, քանի որ դժվարացել է հաղորդակցությունն ու ուժերի տեղաշարժը:
BLA-ն համարվում է Բելուջստանում կառավարության դեմ պայքարող ամենախոշոր էթնիկ զինված խմբավորումներից մեկը։ Տարածաշրջանը սահմանակից է Աֆղանստանին և Իրանին։
Վերջին ամիսներին զինյալներն ակտիվացրել են իրենց գործողությունները՝ կիրառելով նոր մարտավարություն՝ Պակիստանի զինված ուժերին զգալի վնաս հասցնելու և նրանց թիրախ դարձնելու համար։
Բելուջ զինյալները հայտարարում են, որ պայքարում են տարածաշրջանի հանքային հարստության արդար բաշխման համար, քանի որ, նրանց պնդմամբ, կենտրոնական կառավարությունը մերժում է նրանց այդ իրավունքը։