Բոսնիա և Հերցեգովինայի դատախազությունը ոստիկանությունից պահանջել է ձերբակալել Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկին, վարչապետ Ռադովան Վիշկովիչին և ժողովրդական Սկուպշչինայի (խորհրդարանի) նախագահ Նենադ Ստևանդիչին:
Վերահսկիչ գերատեսչությունը նաև օգնություն է խնդրել Սերբիայի Հանրապետության ՆԳՆ-ից և Բոսնիայի դաշնային ոստիկանական գործակալությունից: Քաղաքական գործիչներին մեղադրում են սահմանադրական կարգի դեմ ոտնձգության մեջ։ Դոդիկի «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության մամուլի քարտուղար Ռադովան Կովաչևիչը, մեկնաբանելով դատախազության որոշումը, հայտարարել է, որ «ոչ ոք չի ցանկանում և չի կարող ձերբակալել Սերբական Հանրապետության պետական ղեկավարությանը: Սերբական Հանրապետությունը սահմանադրական կարգի վրա որևէ հարձակում չի իրականացնում», - ասել է նա:
Փետրվարի 26-ին Բոսնիայի և Հերցեգովինայի դատարանը Դոդիկին հեռակա դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և վեց տարով արգելել է զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ նրան մեղավոր ճանաչելով Սահմանադրական դատարանի և Բոսնիա և Հերցեգովինայի հարցերով գերագույն ներկայացուցիչ Քրիստիան Շմիդտի որոշումները անտեսելու մեջ:
Շմիդտը հետևում է Դեյթոնյան համաձայնագրերի կատարմանը, որոնց շնորհիվ հաջողվել է դադարեցնել պատերազմը Բոսնիա և Հերցեգովինայում 1992-1995 թվականներին: 2023 թվականին Սերբական Հանրապետության խորհրդարանը օրենք է ընդունել, որով գերագույն ներկայացուցչի որոշումները դադարել են հրապարակվել «Պաշտոնական տեղեկագիր» պարբերականում։ Շմիդտն էլ իր հերթին չեղյալ է հայտարարել այդ ակտը, բայց Դոդիկը պնդել է, որ օրենքը գործի կդնի:
Դրանից հետո գերագույն ներկայացուցիչը փոխել է Քրեական օրենսգիրքը՝ իր որոշումների չկատարումը համարելով քրեական հանցագործություն: Դոդիկը հայտարարել է, որ իշխանությունները չեն ճանաչում բոսնիական դատարանի որոշումը, որը «ընդունվել է օտարերկրացու կողմից, որը ՄԱԿ-ի կողմից չի նշանակվել և դրա համար լեգիտիմ լիազորություններ չունի:
Դոդիկը բազմիցս է սպառնացել Սերբական Հանրապետությունը դուրս բերել Բոսնիա և Հերցեգովինայից, իսկ բանակը, դատական համակարգը և հարկային համակարգը՝ իշխանության կենտրոնական մարմիններից, ինչի համար հայտնվել Է ԱՄՆ պատժամիջոցների տակ, գրում է AFP- ն: Անցած շաբաթ Բոսնիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Դոդիկի ստորագրած օրենքների գործողությունը, որոնք արգելում են Ազգային ոստիկանության և Բոսնիայի դատական իշխանության ներկայացուցիչների ներկայությունը Սերբական Հանրապետության տարածքում: