Միջազգային

Թուրքիան խաղաղության պայմանագրի կնքումն առաջնահերթ է համարում, Բաքուն չի շտապում

Թուրք լրագրող Բարչըն Յինանչը, որը թուրք լրագրողների հետ Հայաստանում է, turkeyindepth.com կայքում վերլուծել է Թուրքիայի-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա։

«Ո՞վ է որոշումներ կայացնում. Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա» վերնագրով հոդվածում նա նշել է, որ թեև երկու երկրները լավ հարաբերություններ ունեն, սակայն ունեն տարաձայնություններ Կովկասում խաղաղության հարցում։ Ըստ նրա՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության գործարքով պայմանավորված՝ Թուրքիան տարածաշրջանում խաղաղության պայմանագրի կնքումն առաջնահերթ է համարում, մինչդեռ Բաքուն այդ հարցում չի շտապում և, թվում է, անհանգստացած չէ Ուկրաինայում խաղաղության հաստատման դեպքում Ռուսաստանի՝ տարածաշրջան վերադարձով։

Յինանչն ուշագրավ համեմատություն է արել՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները նմանեցնելով ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին, որտեղ մեծ պետության արտաքին քաղաքականությունը դարձել է փոքրի «պատանդը»։ Այս համատեքստում Յինանչը հետևյալ շեշտադրումներն է արել․

   - Ալիևը Հայաստանի հետ հարաբերություններում Անկարային մանևրելու որևէ հնարավորություն չի թողնում։
   - Բաքուն թույլ չի տալիս է Անկարային երկխոսություն սկսել  Երևանի հետ՝ չնայած Ղարաբաղյան պատերազմի ավարտին և Բաքվի ու Երևանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։
   - Թեև Թուրքիան նախապես խոստացել էր զուգահեռ երկխոսություն, սակայն Բաքուն ցանկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան սկսի միայն Բաքու-Երևան վերջնական համաձայնությունից հետո։

Յինանչն անդրադարձել է նաև Անկարայի քայլերին, որոնք Բաքվի կողմից դիմադրության են հանդիպում՝

  - Թուրքիան հորդորում է Ադրբեջանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սակայն Ալիևը անտեսում է այս կոչերը։
  - Թուրքիան Նիկոլ Փաշինյանին տեսնում է որպես կարևոր հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ցուցաբերել։

Տարածաշրջանում երկու երկրների տարբերվող մոտեցումների և շահերի վերաբերյալ թուրք լրագրողը հետևյալ շեշտադրումներն է արել․

- Ուկրաինայում սեփական պայմաններով խաղաղության հասնելու դեպքում Ռուսաստանը կարող է ուշադրությունը թեքել դեպի Կովկաս։ Սակայն սա Ադրբեջանին չի անհանգստացնում, քանի որ վերջինի համար ավելի շահեկան է ունենալ թույլ Հայաստան ՌԴ ազդեցության տակ, քան անկախ արևմտամետ Հայաստան, որը կուժեղանա ժամանակի ընթացքում։
- ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասում ԹՀ-ն տարածաշրջանի երկրների՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու քաղաքականություն է վարել՝ առանց թշնամանալու վերջինի հետ։

Ըստ հոդվածի հեղինակի՝ չնայած վերոնշյալ տարբերություններին, Բաքվի վրա ազդելու Անկարայի լծակները  սահմանափակ են, իսկ Թուրքիայի խարխուլ տնտեսությունը Էրդողանին կախվածության մեջ է դնում Ալիևից, որը բավականին մեծ ներդրումներ է արել Թուրքիայում, իսկ պատերազմից հետո մերձիշխանական ընկերություններին ԼՂ-ում շինարարության թույլտվություն է տվել։ Ավելին, էներգետիկ կապերը երկու երկրների միջև չափազանց կարևոր են, քանի որ ԹՀ-ն ցանկանում է դառնալ էնեգետիկ հանգույց։