Միջազգային

ԱՄՆ կրթության դեպարտամենտը կիսով չափ կրճատում է աշխատակիցներին

ԱՄՆ կրթության դեպարտամենտը աշխատակիցների գրեթե կեսին կհեռացնի աշխատանքից: Reuters-ը գրում է, որ սա կարող է նախանշան լինել նախարարության ամբողջական փակման համար։

Կրճատումները նախարարության «վերջին առաքելության» մասն են կազմում, նշվել է մամուլի հաղորդագրության մեջ՝ ակնարկելով Թրամփի խոստումը՝ վերացնել նախարարությունը, որը վերահսկում է 1.6 տրիլիոն դոլարի ուսանողական վարկեր, դպրոցներում պաշտպանում է քաղաքացիական իրավունքների մասին օրենքները և ֆինանսական աջակցություն է տրամադրում կարիքավոր շրջաններին: 

Fox News-ին տված հարցազրույցում կրթության դեպարտամենտի քարտուղար Լինդա ՄակՄահոնը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս կրճատումները կհանգեցնեն նախարարության լուծարման, ասել է՝ «այո», ընդգծելով, որ դա «նախագահի հանձնարարությունն է»: Կրճատումների արդյունքում դեպարտամենտում կմնա 2,183 աշխատակից՝ նախկին 4,133-ի փոխարեն։