Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման համար, իսկ Պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային՝ 300 հազար լարի տուգանք նշանակել։
Դատախազությունը Սաակաշվիլիին և Ջանաշիային մեղադրել է առանձնապես խոշոր չափերի՝ 9 մլն լարի բյուջետային միջոցների կոլեկտիվ հափշտակության մեջ։
Միխեիլ Սաակաշվիլին և Թեյմուրազ Ջանաշիան նիստին չեն ներկայացել։ Ինչպես նշել է դատավորը, Քրեակատարողական ծառայությունը տեղեկանք է ներկայացրել այն մասին, որ Սահակաշվիլին չի ցանկանում հեռակա կարգով մասնակցել դատավարությանը և միջնորդել է հետաձգել նիստը մինչև նրա ապաքինումը։
Հատկանշական է, որ երկու ամբաստանյալներն էլ իրենց առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում։