Գրենլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում անսպասելի արդյունք է գրանցվել։ Հաղորդվում է, որ այս պահին հաշվել են ձայների 90%-ը, սակայն մնացած հատվածը չի կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։ 57 հազար բնակչություն ունեցող կղզում ընտրելու իրավունք է ունեցել մոտավորապես 40500 մարդ։
Ձայների 90 տոկոսի հաշվարկի համաձայն՝ Ժողովրդավարություն կուսակցությունը, որը ցանկանում է Դանիայից աստիճանական անցում կատարել դեպի անկախություն, ստացել է ձայների մոտ 30 տոկոսը։
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սերտացման կողմնակից «Նալերակ» կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ մոտ 25 տոկոսով։
Գործող վարչապետ Մութե Էգեդեի «Ինուիտ Ատակատիգիիթ» կուսակցությունը, ով հանդես է գալիս անկախության օգտին, երրորդ տեղում է՝ հավաքելով ձայների ավելի քան 21 տոկոսը։
Իշխող կոալիցիոն գործընկեր «Սիումուտ» կուսակցությունը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով ձայների մոտ 15 տոկոսը։
Վերջնական արդյունքների հրապարակմամբ՝ կորոշվեն Գրենլանդիայի խորհրդարանի «Ինացիսարտուտի» 31 մանդատների տերերը։
Դանիական DR հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան հայտնել է, որ Ժողովրդավարություն կուսակցության նախագահ Նիլսենը հայտարարել է, որ իր կուսակցությունը կդիմի մյուս բոլոր կուսակցություններին՝ քննարկելու Գրենլանդիայի ապագա քաղաքական կուրսը:
Գրենլանդիան Դանիայի ինքնակառավարվող շրջան է, գտնվում է Հյուսիսային և Ատլանտյան օվկիանոսում ռազմավարական օդային և ծովային ուղիների վրա։ Կղզու հանդեպ ԱՄՆ-ը հետաքրքրությունը պայմանավորվում է նաև նրանով, որ այն ունի հազվագյուտ հողային հանքանյութերի հարուստ պաշարներ, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական արտադրության համար՝ բջջային հեռախոսներից մինչև վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ: