Միջազգային

«Կարծում եմ՝ այս շաբաթ կխոսեմ Պուտինի հետ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քանի դեռ Ռուսաստանը չի համոզվել հրադադար հաստատելու հարցում, Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի։

«Եթե կարողանանք համոզել Ռուսաստանին հրադադար հաստատել, հիանալի կլինի: Եթե ​​ոչ, ապա պատերազմը կշարունակվի, մարդիկ կզոհվեն վաղը և հաջորդ օրերին»,- նշել է նա։ 

ԱՄՆ նախագահն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ նշելով, որ ԱՄՆ պաշտոնյաներն առաջիկա օրերին կհանդիպեն ռուսական կողմի հետ։

«Ուկրաինան համաձայնել է հրադադարի, այժմ մենք պետք է ստիպենք նախագահ Պուտինին համաձայնել դրան, որպեսզի կարողանանք այս գործընթացը տեղից շարժել։ Կարծում եմ՝ այս շաբաթ կխոսեմ Պուտինի հետ»,- Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

Նա նշել է, որ ամերիկացի պատվիրակներն այսօր կամ վաղը բանակցություններ են ծրագրում ռուսական կողմի հետ՝ քննարկելու հնարավոր հրադադարի պայմանները։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կրկին հրավիրել Սպիտակ տուն։