Միջազգային

Ձերբակալվել է երիկամներ վաճառած ուկրաինուհին. նրա զոհ են դարձել նաև Հայաստանում

Լեհ սահմանապահները ձերբակալել են ուկրաինուհու, որը Ղազախստանում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել 56 երիկամ վաճառելու համար. գրում է Reuters-ը։

35-ամյա Քսենիա Պ.-ն, որ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր դեռ 2020թ. նոյեմբերից, ձերբակալվել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում։ 

Կինը դատապարտվել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու համար։ Ըստ լրատվամիջոցի, հանցախումը 2017-2019թթ մարդկանցից անօրինական կերպով հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել «սև շուկայում»։

Նա նաև մեղավոր է ճանաչվել Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 տուժողից  «երիկամներ ապօրինի ստանալու համար»՝ ֆինանսական շահ ստանալու և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական աղբյուր դարձնելու նպատակով»:

Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեկ շաբաթ ժամկետով ժամանակավոր կալանք կիրառելու վերաբերյալ, որպեսզի նրան հնարավոր լինի արտահանձնել Ղազախստանին: