Միջազգային

Սիրիայի ՊՆ-ից հայտնել են Լաթաքիայում և Տարտուսում գործողության ավարտի մասին

Սիրիայի ՊՆ-ից հայտնել են Լաթաքիա և Տարտուս նահանգներում Ասադի ռեժիմի աջակիցների դեմ իրականցվող պատժիչ գործողությունների ավարտի մասին։

Պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Հուսեյն Աբդուլ Ղանին հայտարարել է առափնյա շրջանում նախկին ռեժիմի մնացորդների դեմ ռազմական գործողության ավարտի մասին:

«Մեր ուժերին հաջողվել է չեզոքացնել Ալ-Մուխտարիա քաղաքում, Ալ-Մուզայրիա քաղաքում, Ալ-Զոբար շրջանում և Լաթաքիա նահանգի այլ քաղաքներում, ինչպես նաև Տարտուս նահանգի Ալ-Դալիա, Թանիտա և Ալ-Կադմուս քաղաքներում ոչնչացնել ռեժիմի բջիջներն ու մնացորդները, ինչը հանգեցրել է սպառնալիքների կանխմանը և այդ տարածքում անվտանգության ապահովմանը»,- ասել է Սիրիայի ՊՆ ներկայացուցիչը։

Գնդապետ Աբդուլ Ղանին հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները կաշխատեն առաջիկա ժամանակահատվածում՝ ամրապնդելու իրենց աշխատանքը կայունության ապահովման, մարդկանց անվտանգության ապահովման ուղղությամբ։

Նշենք, որ գործողության ընթացքում զոհերի թիվը հասել է շուրջ հազարի, իսկ համացանցում մինչև այսօր տեսանյութեր են տարածվում ալավիական խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ կիրառելու մասին։ 

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ ուրբաթ և շաբաթ օրերին զոհվել է 973 խաղաղ բնակիչ։

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան էլ հայտարարել էր, որ պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր անցել են իրենց լիազորությունների շրջանակը։