ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիայի հյուսիսարևմուտքում տեղի ունեցած արյունալի բախումները, որոնց հետևանքով ամբողջական ընտանիքներ են ոչնչացվել։ Անվտանգության ուժերի և Ասադի աջակիցների միջև բախումները հանգեցրել են զոհերի ամենաբարձր թվին՝ 2011-ի հեղափոխությունից ի վեր։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է արել հետաքննել սպանությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ «Մենք ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և հանձնված զինյալների սպանությունների մասին «Քաղաքացիական անձանց սպանությունները պետք է անհապաղ դադարեցվեն», – հայտարարել է նա։
Բախումները սկսվել են հինգշաբթի օրը, երբ Ասադի կողմնակից զինյալները դարանակալել են անվտանգության ուժերին Ջաբլե քաղաքում (Լաթաքիայի նահանգ)։ Դրանից հետո բռնությունների ալիքը տարածվել է, և թիրախ են դարձել նաև խաղաղ բնակիչները, այդ թվում՝ ալավի փոքրամասնության ներկայացուցիչները։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ զոհվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 խաղաղ բնակիչ, 125 անվտանգության ծառայող և 148 Ասադի աջակից։
Սակայն զոհերի թվի վերաբերյալ տվյալները տարբեր են։ Սիրիայի մարդու իրավունքների ցանցը (SNHR) հայտնել է, որ Ասադի կողմնակիցները սպանել են 148 խաղաղ բնակիչ, իսկ անվտանգության ուժերը՝ 327 խաղաղ բնակիչ և գերեվարված զինյալ։
Կիրակի օրը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարան հայտարարել է, որ իրավիճակը համահունչ է «սպասվող մարտահրավերներին» և կոչ է արել պահպանել ազգային միասնությունը։
«Մենք պետք է պահպանենք մեր ազգային միասնությունն ու ներքին խաղաղությունը։ Մենք կարող ենք ապրել միասին»,– ասել է նա։
Այնուհետև Սիրիայի նախագահը հայտարարել է յոթ հոգուց կազմված հանձնաժողովի ստեղծման մասին, որի կազմում ընդգրկվել են դատավորներ և իրավաբան։ Հանձնաժողովի նպատակը խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի սպանությունների հետաքննությունն է, իսկ զեկույցը պետք է ներկայացվի 30 օրվա ընթացքում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը և Ռուսաստանը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջարկելով երկուշաբթի օրը հրավիրել փակ նիստ՝ քննարկելու Սիրիայում բռնությունների աճը։