Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել դադարեցնել բռնության նոր ալիքը երկրում՝ կոչ անելով նախորդ կառավարության հետ կապված զինված խմբավորումներին վայր դնել զենքերը, իսկ նոր կառավարությանը հավատարիմներին՝ խուսափել քաղաքացիական անձանց վրա հարձակումներից և բանտարկյալների նկատմամբ բռնություններից, գրում է Euronews-ը։
«Երբ մենք նույն քայլերն ենք կատարում, նույն մակարդակի վրա ենք լինում, ինչ մեր հակառակորդը։ Ընկած ռեժիմի մնացորդները պատճառ են փնտրում մեր իսկ խախտումների հետևում թաքնվելու համար», ասել է նա։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի և Ասադի կողմնակիցների միջև բախումները դարձել են բռնության ամենալուրջ դրսևորումը։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ մարտերի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնցից 120-ը՝ Ասադի կողմնակիցներն են, 93-ը՝ նոր կառավարության։
Ըստ աղբյուրի՝ նոր կառավարությանը հավատարիմ զինյալները գրոհել են գյուղեր՝ սպանելով տասնյակ մարդկանց, որոշ դեպքերում՝ միայն տղամարդկանց, իսկ մյուսներում՝ բոլորին, ներառյալ երեխաներին: Արևմտյան գործակալություններն սպանվածների թիվը գնահատում են 340՝ ընդգծելով, որ իրենց աղբյուրներից տեղեկությունը ճշտել հնարավոր չէ։ Սիրիական իշխանությունները զոհերի թվի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել։ Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ էին սկսվել նոր կառավարության անվտանգության ուժերի և նախկին նախագահ Ասադի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։ Կրքերը չեն հանդարտվել։
Բախումները տեղի են ունենում Սիրիայի Լաթաքիա, Հոմս և Տարտուս նահանգներում։ Բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա, իսկ բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները սրման ֆոնին պարետային ժամ են սահմանել։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին։