Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը հետապնդում է միայն սեփական շահերը, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկով նամակին, գրում է Iran Insight-ը։
Խամենեին նշել է, որ Թրամփի առաջարկը թելադրված է ոչ թե խաղաղության ձգտումով, այլ ԱՄՆ-ի գերակայության պարտադրմամբ։
«Բանակցություններում որոշ ուժերի համառությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը, այլ հետապնդում է սեփական պահանջները պարտադրելու նպատակ։ Իրանի համար դա անընդունելի է։ Իրանը, իհարկե, չի ընդունում նման պահանջները»,- ասել է Խամենեին։
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հայտարարել էր, որ Իրանն ուղղիղ բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ նրանք շարունակում են Թեհրանի դեմ առավելագույն ճնշման և սպառնալիքների քաղաքականությունը։
Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Խամենեիին՝ առաջարկելով քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ «Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի»։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կբանակցի Վաշինգտոնի հետ։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը Թեհրանին խոստացել էր հետևանքներ, եթե վերջինս հրաժարվի համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ։ Թրամփը չէր հստակեցրել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ամերիկյան կողմը, սակայն ընդգծել էր, որ Վաշինգտոնը մտադիր չէ համակերպվել Իրանի հետ հարաբերություններում առկա իրավիճակի հետ։
Փետրվարի 4-ին նախագահ Թրամփը հրաման էր ստորագրել Իրանի վրա «առավելագույն ճնշումը» վերսկսելու մասին, սակայն հույս էր հայտնել, որ Վաշինգտոնը ստիպված չի լինի հաճախ օգտագործել այդ ճնշումը։