Միջազգային

«Սա ջրբաժանի պահ է»․ ԵՄ առաջնորդները հայտարարություն են ընդունել

«Սա ջրբաժանի պահ է»․ ԵՄ առաջնորդները հայտարարություն են ընդունել

Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում Եվրոպական միության առաջնորդները որոշում են կայացրել կտրուկ ավելացնել պաշտպանական ծախսերը՝ Ուկրաինային աջակցելու և մայրցամաքի անվտանգությունն ամրապնդելու նպատակով:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներկայացրել է «ReArm Europe» ծրագիրը, որը նախատեսում է 800 միլիարդ եվրոյի ներդրում՝ Եվրամիության պաշտպանունակությունը բարձրացնելու համար: ԵՄ ղեկավարները համաձայնել են մեղմացնել բյուջետային սահմանափակումները՝ թույլ տալով, որ պաշտպանական ծախսերը դուրս մնան բյուջեի դեֆիցիտի և պարտքի սահմանափակումներից: Սա կարող է «ազատել» շուրջ 600-650 միլիարդ եվրո և ուղղել ռազմական կարողությունների զարգացմանը: 

Ըստ ֆոն դեր Լայենի՝ «Սա Եվրոպայի և Ուկրաինայի համար ջրբաժանի պահ է»:

Գագաթնաժողովում քննարկվել է նաև Եվրահանձնաժողովի առաջարկը՝ անդամ երկրներին 150 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկեր տրամադրելու վերաբերյալ:

ԵՄ 27 երկրներից միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի աջակցել Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ հայտարարությանը: Նրա մերժումը պայմանավորված է Ռուսաստանի հետ նրա մերձավոր կապերով և Թրամփի քաղաքական գծին համահունչ դիրքորոշմամբ: Սակայն ԵՄ մյուս 26 երկրները, այդ թվում՝ Սլովակիան, հստակ աջակցություն են հայտնել Ուկրաինային՝ ընդգծելով, որ ցանկացած խաղաղ բանակցություն պետք է անցկացվի Կիևի անմիջական մասնակցությամբ․ «Ուկրաինայի մասին բանակցություններ չեն կարող լինել առանց Ուկրաինայի»,- ասված է հայտարարությունում։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը ժամանել էր Բրյուսել, ընդգծել է, որ եվրոպական առաջնորդների որոշումները ցույց են տալիս Ուկրաինային մենակ չթողնելու պատրաստակամությունը: «Մենք շատ շնորհակալ ենք, որ մենակ չենք: Եվ սա պարզապես խոսքեր չեն», - ասել է Զելենսկին։ Նա շեշտել է, որ խաղաղության վերաբերյալ ցանկացած բանակցություն պետք է ներառի բոլոր այն երկրները, որոնք աջակցում են Ուկրաինային, և այս հարցում Եվրոպան առանցքային դեր ունի: 

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստան նշել է, որ ԵՄ-ն կանգնած է նոր անվտանգային իրականության առաջ, որը պահանջում է արագ ու համարձակ գործողություններ: ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի աջակցության վրա լիովին հույս դնելու փոխարեն Եվրոպան պետք է ինքնուրույն ամրապնդի իր պաշտպանունակությունը: 

Ա․Գ․

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական