Սիրիայի Լաթակիա նահանգում, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմաօդային բազան, ծանր բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև։
BBC-ի փոխանցմամբ, Լոնդոնում գործող «Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» (SOHR) տվյալներով՝ բախումների հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել։ Կազմակերպությունը նշում է, որ դեկտեմբերից ի վեր սրանք ամենաարյունալի բախումներն են։
Զոհերի թվում են անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, Ասադին հավատարիմ մարտիկներ և քաղաքացիական անձինք։
Սիրիական «Step» լրատվական գործակալությունը հայտնել է, որ իշխանությունները «չեզոքացրել են տապալված ռեժիմի նախկին 70 մարտիկների» և 25-ից ավելի մարդ գերեվարել։
Ներքին անվտանգության վարչությունը հայտարարել է, որ իրականացնում է «լայնածավալ գործողություն» վարչական կենտրոններում, հարակից քաղաքներում և լեռնային շրջաններում։ Իշխանությունները կոչ են արել նախկին նախագահի կողմնակիցներին վայր դնել զենքերը։