Հունգարիան և Սլովակիան ևս ստորագրել են Եվրամիությանը Ռուսաստանից և Բելառուսից պաշտպանելու անհրաժեշտության մասին հայտարարության տակ:
Սա հատկանշական է այն առումով, որ երկու երկրի ղեկավարները ԵՄ անդամ մյուս ղեկավարներից տարբերվում են այսպես ասած իրենց ռուսամետ և Ուկրաինային չաջակցող հայացքներով։
Եվրամիության 27 երկրների ղեկավարների համատեղ հայտարարության տեքստը կետերից մեկում ասվում է. «Եվրոպական խորհուրդը ընդգծում է, որ ԵՄ բոլոր ցամաքային, օդային և ծովային սահմանների պաշտպանությունը նպաստում է ամբողջ Եվրոպայի անվտանգությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԵՄ արևելյան սահմանին՝ հաշվի առնելով Ռուսաստանից և Բելառուսից բխող սպառնալիքները»:
Այս հայտարարությունը միաձայն հավանության են արժանացրել բոլոր 27 երկրների, այդ թվում՝ Հունգարիայի և Սլովակիայի ղեկավարները:
Հիշեցնենք, որ Բրյուսելում կայացել է ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթնաժողովը, որի օրակարգում եղել է երկու կետ՝ Ուկրաինային աջակացության և Եվրոպայի պաշտպանունակությանը վերաբերվող։
ԵՄ երկրներին չի հաջողվել Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությանը ընդունել, քանի որ դրան դեմ է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։