Միջազգային

«Սա կնշանակի ոչ թե հիբրիդային, այլ՝ ուղղակի միջամտություն ՆԱՏՕ-ի կողմից». Լավրովը նախազգուշացրել է

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ՌԴ-ն «անտարբեր չի հետևի» ՆԱՏՕ-ի զորքերի՝ Ուկրաինայում «խաղաղապահներ» կոչվող կոնտինգենտի տեղակայմանը և չի հանդուրժի Արևմուտքի նման գործողությունները։ 

«Սա արդեն կնշանակի ոչ թե նախկինում նշվող «հիբրիդային», այլ ուղղակի ու պաշտոնական միջամտություն՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում։ Դա անթույլատրելի է», – հայտարարել է Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ միսիայի հնարավոր տեղակայումը։ 

Այս մասին երեկ հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը պնդում էր, թե «Ռուսաստանը Եվրոպայի համար սպառնալիք է», և դրան դեմ պայքարելու համար «անհրաժեշտ է զորքեր ուղարկել Ուկրաինա»։ 

Լավրովը շեշտել է. «Ուկրաինայի տարածքում այդ զորքերի ներկայությունը մենք կգնահատենք ճիշտ այնպես, ինչպես կգնահատեինք ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունը այդ երկրում։ Անկախ նրանից, թե ինչ դրոշներով կծածկվի այս գործողությունը՝ լինի դա ԵՄ-ի, կոնտինգենտ մատակարարող երկրների ազգային դրոշները, թե հագուստի թևերին ամրացված որևէ շևրոններ (ներառյալ բանդերական խորհրդանիշները), դրանք դե ֆակտո ՆԱՏՕ-ի զորքեր կլինեն»: