ԱՄՆ-ն խախտել է դիվանագիտական երկարամյա արգելքը՝ ՀԱՄԱՍ-ի հետ գաղտնի բանակցություններ սկսելով Գազայում պահվող ամերիկացի պատանդների ազատման վերաբերյալ․ գրում է Reuters-ը։
Ըստ լրատվամիջոցի,Սպիտակ տունը հաստատել է, որ պատանդային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ադամ Բոուլերին լիազորություն է տրվել ուղղակիորեն շփվել ՀԱՄԱՍ-ի հետ: Սա հակասում է ԱՄՆ-ի տասնամյակների հին քաղաքականությանը, որը բացառում էր բանակցությունները ահաբեկչական կազմակերպություններ համարվող խմբերի հետ: Վերջին շաբաթներին Բոուլերը և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հանդիպել են Դոհայում, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ում է ներկայացրել պաղեստինյան կողմը: BBC-ն էլ գրում է, որ Դոհայում նման երկու հանդիպում է տեղի ունեցել։
Սպիտակ տանը Թրամփը հանդիպել է Գազայի զինադադարի շրջանակներում վերջերս ազատված պատանդների հետ և սոցիալական ցանցում նոր սպառնալիք ուղղել ՀԱՄԱՍ-ին.
Նա պահանջել է, որ ՀԱՄԱՍ-ը «անմիջապես ազատ արձակի բոլոր պատանդներին, ոչ թե հետո», այդ թվում՝ մահացած պատանդների աճյունները, «հակառակ դեպքում՝ ձեր համար ամեն ինչ ավարտված է»։
«Ես Իսրայելին տրամադրում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է գործն ավարտին հասցնելու համար, և եթե չկատարեք ասածս, ոչ մի ՀԱՄԱՍ-ի անդամ ապահով չի լինի»,– գրել է նա։ «Բացի այդ, Գազայի ժողովրդին. ձեր առջև գեղեցիկ ապագա է սպասում, բայց եթե պատանդներ պահեք, ապա՝ հակառակը կլինի»։ Թրամփը նաև սպառնացել է, որ եթե պատանդներն ազատ չարձակվեն,«իսկական դժոխք կսկսվի»։