ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի հարցում փոխել է դիրքորոշումը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Դուք իրավացիորեն մտահոգված եք տեղի ունեցող պատմական իրադարձություններով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխել է իր դիրքորոշումը ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի համար։ Վերջապես, ահաբեկչական սպառնալիքը վերադառնում է: Մենք մտնում ենք նոր դարաշրջան»,- ասել է նա։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հակամարտությունը վերածել է «գլոբալ հակամարտության»։
«Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Խաղաղության ճանապարհը չի կարող լինել առանց Ուկրաինայի, Ռուսաստանի թելադրանքով կամ Ուկրաինայի կապիտուլյացիայով»,- հայտարարել է նա։
Մակրոնի խոսքով՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել իր բանակը՝ ավելացնելով 3000 տանկ և 300 կործանիչ։
«Ո՞վ կարող է հավատալ, որ Ռուսաստանը կանգ կառնի։ Այս գլոբալ վտանգի առջև հանդիսատեսի կարգավիճակում լինելը խելագարություն է»,- զգուշացրել է նա։
Նա հավելել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի լավ կարողանան պաշտպանել իրենց կամ զսպել ցանկացած հետագա գործողությունները։
«Պետք է ուժեղացնենք մեր պաշտպանությունը։ Եվրոպայի ապագան չպետք է որոշվի Վաշինգտոնում կամ Մոսկվայում։ Ֆրանսիան կհավաքի մի քանի երկրների գլխավոր շտաբների պետերին՝ քննարկելու Ուկրաինայում եվրոպական կոնտինգենտի հնարավոր տեղակայման հարցը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն ընդգծել է, որ նախաձեռնելու է եվրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի հովանոցը ողջ ԵՄ-ի վրա տարածելու հարցով։
«Ինչ համաձայնության էլ գանք, վերջնական որոշումը կպատկանի Ֆրանսիայի նախագահին` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին»,- եզրափակել է նա՝ հույս հայտնելով, որ կարող են համոզել Թրամփին լինել իրենց կողքին։