ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ սահմանված 25%-անոց մաքսատուրքերը ցնցել են ամերիկյան ավտոարդյունաբերությունը, գրում է Reuters-ը։
Մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ անց Սպիտակ տունը հայտարարել է, որ Հյուսիսային Ամերիկայում արտադրված այն ավտոմեքենաները, որոնք համապատասխանում են 2020 թ. ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա (ԱՄՆՄԿՀ) համաձայնագրի ծագման կանոններին, ազատվում են տուրքերից։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ համաձայնագրին համապատասխանող բոլոր ավտոմեքենաները մեկ ամսով ազատվում են մաքսատուրքերից․ «Փոխադարձ մաքսատուրքերը կսկսեն գործել ապրիլի 2-ից»։
Լևիթի խոսքով՝ այս որոշումը կայացվել է Ford, General Motors և Stellantis ավտոարտադրողների հետ խորհրդակցություններից հետո։ Նա նշել է, որ դրա նպատակը ԱՄՆ-ի երեք խոշորագույն ավտոգործարաններին տնտեսական կորուստներից պաշտպանելն է։
«Ընկերությունների խնդրանքով նախագահը նրանց մեկ ամսով արտոնություն է տալիս, որպեսզի նրանք տնտեսական անբարենպաստ դիրքում չհայտնվեն»,– ասել է Լևիթը։