Միջազգային

Հարավային Ամերիկան ​​տուժում է ռեկորդային շոգից

2025 թվականի փետրվարին Հարավային Ամերիկան ​​հարվածել է աննախադեպ ջերմային ալիք, որն առաջացել էր Հարավային Ատլանտիկայի վրա կայուն ​​բարձր ճնշման մարզի հետևանքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Ծայրահեղ ջերմաստիճանները լուրջ ազդեցություն են թողել տեղի բնակիչների առօրյայի վրա։ Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում անոմալ շոգի պատճառով իշխանություններն ստիպված են եղել հետաձգել ուսումնական տարվա մեկնարկը։ Ռիո դե Ժանեյրոյի բնակիչները հավաքվել են լողափեր՝ զով օդ փնտրելու:

Ռիո դե Ժանեյրոն առանձնակի բուռն շոգ է ապրել։ Գուարաթիբա շրջանում օդերևութաբանական կայանը գրանցել է ռեկորդային 44°C, որն ամենաբարձրն է տասը տարի առաջ քաղաքի կլիմայական ահազանգման համակարգի ներդրումից ի վեր: Բրազիլիայի օդերևութաբանության ազգային ինստիտուտը նաև նշել է Ռիո դե Ժանեյրո նահանգի մի քանի այլ մունիցիպալիտետներ, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 40°C-ը:

Հարևան Արգենտինայում իրավիճակը ոչ պակաս կտրուկ է զարգացել։ Ծայրահեղ ջերմաստիճանի պատճառով վեց նահանգներում հայտարարվել է վտանգավորության կարմիր մակարդակի ռեժիմ։ Տարածաշրջանում ջերմային ալիքը շարունակվել է ողջ շաբաթվա ընթացքում, նախքան Բրազիլիայում ջերմաստիճանը սկսել է վերադառնալ ավելի նորմալ մակարդակի, իսկ շոգի էպիկենտրոնը տեղափոխվել է ավելի հարավ՝ Արգենտինա: