ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես է եկել ամենամյա ուղերձով։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի ուղերձն իր տևողությամբ ռեկորդային է եղել՝ 1 ժամ 40 րոպե։ Նախկին ռեկորդը պատկանել է Բիլ Քլինթոնին. 2000 թվականին նախագահ Քլինթոնի «Երկրի վիճակի մասին» ուղերձը տևել էր 1 ժամ 28 րոպե 49 վայրկյան։
Ուղերձը հնչել է որոշակի լարված վիճակում. «Ամերիկյան երազը կանգնել չի կարող, և մեր երկիրը գտնվում է վերադարձի շեմին, որը աշխարհը երբեք չի տեսել և, հնարավոր է, այլևս երբեք չտեսնի», - հայտարարել է Թրամփը։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, սուլել են, պաստառներ պահել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կոչ է արել բոլորին պահպանել կարգը և սպառնացել հեռացնել դահլիճից նրանց, ովքեր փորձում են խափանել ելույթը։
Երբ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ալ Գրինը (Դեմոկրատ, Տեխաս) հրաժարվեց զբաղեցնել իր տեղը, Ջոնսոնը պահանջել է «այդ պարոնին դահլիճից հեռացնել»։ Այդուհետև Թրամփը շարունակեց իր ելույթը։
Թրամփն իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով. «Ամերիկայի ոսկե դարը նոր է սկսվել»։
Հանրապետական օրենսդիրները նրա ելույթի ավարտին ոտքի են կանգնել, բարձրացրել ձեռքերն ու վանկարկել. «Պայքար։ Պայքար։ Պայքար»։
Իսկ Դեմոկրատ օրենսդիրներն արագ լքել են Կոնգրեսի նիստերի դահլիճը։