Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մեզանից ոչ ոք չի ուզում անվերջ պատերազմ. Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղությունը մոտեցնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, որքան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղություն ձեռք բերելու համար»,- X-ի իր էջում գրել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ են պատերազմն ավարտելու համար արագ գործել, և առաջին փուլերը կարող են լինել գերիների ազատ արձակումը, ինչպես նաև օդում և ծովում կրակի անհապաղ դադարեցումը՝ պայմանով, որ Ռուսաստանը նույնը կանի:
«Մենք ցանկանում ենք շատ արագ առաջ շարժվել բոլոր հաջորդ փուլերով և աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համաձայնեցնելու վերջնական գործարք: Մենք իսկապես գնահատում ենք, թե որքան է Ամերիկան օգնել Ուկրաինային՝ իր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու հարցում։ Շնորհակալ ենք»,- նշել է նա
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնում Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ։
«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ այդպես: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։ Ցանկանում ենք, որ մեր ապագա համագործակցությունն ու շփումը կառուցողական լինեն։ Ինչ վերաբերում է օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար ձևաչափով»,- ասել է Զելենսկին: