Միջազգային

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ-ը է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության պատճառով։

Թուրքիայի այս քայլը հաջորդել է Իրանի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը, որտեղ Թուրքիայի դեսպանը երկուշաբթի օրը հանդիպել էր նախարարության Միջերկրական և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մահմուդ Հեյդարիի հետ:

Հանդիպմանը պատճառ էր հանդիսացել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները՝ կապված Սիրիայում Իրանի դերի հետ:

«Մեր ժողովուրդների փոխադարձ շահերը և տարածաշրջանային նուրբ իրավիճակը պահանջում են խուսափել ոչ ճշգրիտ հայտարարություններից և անհիմն վերլուծություններից, որոնք կարող են լարել երկկողմ հարաբերությունները»,- հայտարարել էր Հեյդարին։

Նշենք, որ Ֆիդանը, Al Jazeera-ին տված հարցազրույցում, քննադատել էր Իրանի քաղաքականությունը Սիրիայում։ Աշխարհազորայիններին աջակցությունը վտանգավոր էր որակել և կոչ էր արել փոխել քաղաքականությունը:

«Եթե դուք փորձում եք ապակայունացնել երրորդ երկիր, ապա այլ երկրներ կարող են պատասխան տալ՝ աջակցելով ձեր սահմաններում գտնվող խմբերին»,- ասել էր Ֆիդանը։

Իրանի արտգործնախարարության խոսնակը խոստովանել էր Թեհրանի և Անկարայի միջև առկա տարաձայնությունները։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ մեր երկկողմ հարաբերություններին։ Սակայն, կրկնվող հայտարարությունները, որոնք մենք լսեցինք, հակաարդյունավետ էին։ Մեր թուրք գործընկերները, հավանաբար, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն Սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայելի) քաղաքականությանը Սիրիայում և ավելի լայն տարածաշրջանում»,-  ասել էր Էսմայիլ Բաղային։