Միջազգային

«Զելենսկին ցույց տվեց, որ չի ցանկանում մասնակցել խաղաղ գործընթացին». Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Դոնալդ Թրամփի և Վոլոդեմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի ունեցած լարված հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ հակասությունը սկսվել է լրագրողի հարցին Զելենսկու պատասխանից։

«Կարծում եմ՝ այստեղ կար հարգանքի պակաս և որոշակի իրավունքների պահանջ»,- նշել է Վենսը Fox News-ի «Hannity» հաղորդմանը տված հարցազրույցում։

Վենսը հայտնել է, որ փորձել է լիցքաթափել իրավիճակը՝ առաջարկելով հանդիպումը շարունակել փակ ձևաչափով. «Նախագահն ասաց՝ ոչ, իրականում ես այլևս չեմ ցանկանում, որ սա լինի գաղտնի հանդիպում։ Ես ուզում եմ, որ այս կարևոր խոսակցությունը լինի հրապարակային, որպեսզի այն տեսնի ողջ ամերիկյան ժողովուրդը»,- ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը հստակ նպատակ է դրել իր վարչակազմի առջև․ «Նա ուզում է, որ սպանությունները դադարեն։ Եվ կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ նախագահ Զելենսկին, ինչպես նաև նախագահ Պուտինը, նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն ի վերջո ամեն ինչ ձախողվեց»,- նշել է Վենսը։

«Ինձ, իրականում, չի հետաքրքրում, թե ինչ է ասում նախագահ Զելենսկին իմ կամ որևէ այլ անձի մասին։ Բայց նա ակնհայտորեն ցույց տվեց, որ չի ցանկանում մասնակցել խաղաղ գործընթացին, որը նախագահ Թրամփը հայտարարել է որպես ամերիկյան ժողովրդի և նրա նախագահի քաղաքականություն»,- հավելել է փոխնախագահը։

ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ զրույցի սկզբում փորձել է դիվանագիտական լինել՝ չնայած Ուկրաինայի առաջնորդի սադրիչ հայտարարություններին. «Երբ ուկրաինական պատվիրակությունը խնդրեց վերադառնալ ու վերսկսել բանակցությունները, նախագահ Թրամփն ասաց՝ ոչ, նախ նրանք անհարգալից են գտնվել, և ապա՝ ի՞նչ պետք է կքննարկենք, երբ նրանք բացեիբաց մերժեցին խաղաղության հաստատման մեր նախաձեռնությունը»։

Հիշեցնենք՝ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վենսը խոսել է պատերազմին վերջ տալու համար դիվանագիտության կարևորության մասին։

«Ի՞նչ դիվանագիտության մասին եք խոսում, Ջեյ Դի։ Ի՞նչ նկատի ունեք»,- արձագանքել է Զելենսկին։

«Ես խոսում եմ այն դիվանագիտության մասին, որը վերջ կդնի ձեր երկրի ավերածությանը»,- պատասխանել է Վենսը,- «Կարծում եմ, որ անհարգալից է Օվալաձև աշխատասենյակ գալն ու այս հարցը քննարկելը ամերիկյան լրատվամիջոցների առջև Դուք պետք է շնորհակալություն հայտնեք նախագահին՝ այս հակամարտությունը ավարտելու ջանքերի համար»։