Միջազգային

Թայվանական TSMC-ն ներդրումներ կկատարի ԱՄՆ-ում

Թայվանական Semiconductor Manufacturing Co (TSMC) ընկերության կողմից 100 միլիարդ դոլարի ներդրումը Միացյալ Նահանգներին թույլ կտա վերահսկել միկրոչիպերի համաշխարհային շուկայի գրեթե 40 տոկոսը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նախկինում մենք մեծ (բաժնետոմս-խմբ.) ունեինք Intel-ի հետ, բայց հիմա ունենք շատ քիչ, և մենք մոտ ենք լինելու շուկայի 40%-ին այս գործարքով և մի քանի այլ գործարքներով, որոնք իրականացնում ենք: Դա հսկայական թռիչք է»,- ասել է նա Սպիտակ տանը՝ մեկնաբանելով TSMC-ի 100 միլիարդ դոլարի ներդրումն ամերիկյան տնտեսության մեջ:

TSMC-ն՝ աշխարհի խոշորագույն չիպեր արտադրողը, առաջին անգամ ներդրումներ էր կատարել ԱՄՆ-ի արտադրության մեջ 2020 թվականին՝ Արիզոնայում 12 միլիարդ դոլար արժողությամբ գործարանի համար միջոցներ տրամադրելով: Այդ ժամանակից ի վեր ընկերությունն ընդլայնել է իր ծրագրերը։

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, TSMC-ն առաջինն է, որ ԱՄՆ-ին կբերի կիսահաղորդիչների արտադրության առաջադեմ տեխնոլոգիա, որը նախկինում օգտագործվում էր միայն Թայվանում: Ընկերության չիպերը կարևոր նշանակություն ունեն արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների, սմարթֆոնների և այլ առաջադեմ էլեկտրոնիկայի համար: