Միջազգային

Եվրոպական առաջնորդներն Ուկրաինայի հարցով համաձայնության են եկել

Լոնդոնում տեղի է ունեցել եվրոպական առաջնորդների գագաթնաժողովը՝ նվիրված Ուկրաինայի խնդրին։ ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը, որը գագաթնաժողովի կազմակերպիչն էր, հայտարարել է, թե նպատակը «պատերազմը կանգնեցնելու ծրագիր» մշակելն է: Նրա խոսքով, այդ ծրագիրը հետագայում կքննարկվի Միացյալ Նահանգների հետ և «միասին կյանքի կկոչվի». հայտնում է BBC-ն։

Հանդիպման մասնակիցները համաձայնել են հետևյալ չորս քայլերին.

1. Շարունակել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում և ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա:

2. Ապահովել, որ ցանկացած կայուն խաղաղություն երաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ընդ որում՝ Ուկրաինան պետք է ներկա լինի բանակցությունների սեղանի շուրջ:

3. Խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում եվրոպական առաջնորդները կձգտեն կանխել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ապագա ներխուժումները:

4. Ստեղծել «կամավորների կոալիցիա»՝ Ուկրաինան պաշտպանելու և երկրում խաղաղություն հաստատելու համար:

Քիր Սթարմերը հաստատեց ՄԹ-ի հանձնառությունը՝ աջակցելու եվրոպական երկրների ջանքերին «հողի վրա զինվորներով և օդում ինքնաթիռներով»: «Եվրոպան պետք է կատարի ծանր աշխատանքը», - ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ համաձայնագիրը պահանջում է ԱՄՆ-ի աջակցությունը: «Թույլ տվեք հստակ ասել՝ մենք համաձայն ենք Թրամփի հետ կայուն խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտության շուրջ: Այժմ մենք պետք է միասին աշխատենք դրան հասնելու համար»:

Հարցերին ի պատասխան՝ Սթարմերն ասաց. «Ես չեմ համաձայնվում, որ ԱՄՆ-ն անվստահելի դաշնակից է. չկան երկու երկրներ, որոնք այդքան սերտորեն կապված լինեն միմյանց հետ»: Նա նշեց, որ գագաթնաժողովի մասնակիցները ելնում էին այն բանից, որ «սա ծրագիր է, որի վրա մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ և նրա աջակցությամբ: Այդ իսկ պատճառով երեկ երեկոյան խոսեցի Թրամփի հետ»:

Լոնդոնում կայացած գագաթնաժողովի ավարտին տրված մամուլի ասուլիսում Սթարմերը հայտարարեց, որ առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ «գործողությունների տեմպը պահպանելու» և ընդհանուր ծրագրի վրա աշխատանքը շարունակելու համար: «Այսօր մենք կանգնած ենք պատմության խաչմերուկում: Հիմա ժամանակը չէ ավելորդ խոսակցությունների համար՝ ժամանակն է գործելու և միավորվելու արդար ու կայուն խաղաղության հասնելու նոր ծրագրի շուրջ»,- ասել է նա: