Երեկ ընդգծվեց, որ անմարդկայնության նոր դարաշրջան է սկսվել, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու թեժ խոսակցությանը։
«Մեր վրդովմունքն այսօր ավելի մեծ է, քան երբևէ։ Մենք պարտավորություն ունենք Ուկրաինայի ժողովրդի, մեր իսկ անվտանգության և Եվրոպայի խաղաղության հանդեպ, ուստի մեզ համար ակնհայտ է, որ մենք հաստատակամորեն կանգնելու ենք ինքնիշխան և ազատ Ուկրաինայի կողքին»,- ասել է Բերբոքը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան ազատ և ժողովրդավարական Եվրոպայի մի մասն է։
«Ո՞վ է Ուկրաինայի դեմ այս պատերազմում դաժան ագրեսորը և ո՞վ է խիզախ պաշտպանը, ո՞վ է մեղավորը և ո՞վ է զոհը, սա միանգամայն ակնհայտ է։ Ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ուկրաինացիները»,- ասել է նա։
Բերբոքի խոսքով՝ ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը կարևոր են, բայց խաղաղությունը պետք է լինի արդար և հարատև։
«Այս ամենի մեջ կարևոր է հիշել, որ հապաղելու ժամանակ չունենք։ Մենք պետք է արագ գործենք՝ թե՛ եվրոպական, թե՛ ազգային մակարդակով։ Մենք չենք կարող սպասել, մինչև կձևավորվի նոր դաշնային կառավարությունը, քանի որ իրավիճակը լուրջ է։ Այս պատմական պահին Գերմանիան պետք է առաջատար լինի»,- ասել է նա։