Թրամփ-Զելենսկի բախումը լիովին հասունացած էր ոչ միայն շաբաթներով, այլև անգամ ամիսներով։ Այն, ինչ տեղի ունեցավ տեսախցիկների առաջ, հաստատապես ավելի սարսափելիորեն լինելու էր փակ դռների ետևում։ Ասել` մեղավորն ով է, անհեթեթություն է։ Մեղավորը շահերն են։
ԱՄՆ-ն ու իր շահերը
ԱՄՆ-ն փոխում է առաջնահերթությունները` կենտրոնանալով ինդոչինական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ ԱՄՆ-ի համար այժմ թիվ մեկ խնդիրը դարձել է Չինաստանի զսպումը։ Եթե իրականությանը մոտ է դեռ Բայդենի ԿՀՎ ղեկավար Բիլլ Բըրնսի կանխատեսումը, որ 2026-28թթ. պայթելու է Թայվանի ճգնաժամը, ուրեմն ԱՄՆ-ն այժմ պետք է առավելագույնս պատրաստվի դրան։ Դրա համար պետք է կենտրոնացվեն բոլոր ռեսուրսները և պետք է բացել Ռուսաստանի դռները ԱՄՆ-ի առջև։ ԱՄՆ-ի համար լավագույն տարբերակն է, որ Ռուսաստանի բացումը տեղի ունենա առանց Եվրոպա-Ռուսաստան ջերմացման, այդ պատճառով է Թրամփը ձգտում դուրս թողնել եվրոպական երկրներին ՌԴ հետ բանակցություններից։ Այլ կերպ ասած` ԱՄՆ-ն պետք է առավելագույնս պատրաստի անվտանգության բարձիկները, որպեսզի երբ Չինաստանը մտնի իր բաժին հյուծիչ պատերազմի մեջ, ԱՄՆ-ն խոշորագույնս չտուժի, լինի բացառիկ պարտնյորը և՛ Եվրոպայի, և՛ ՌԴ-ի։
Թրամփի վարչակազմն իր այս քաղաքականության մասին բացեիբաց խոսել է ոչ միայն կուլիսներում, այլև հրապարակային։ Կարելի է զննել նրա բոլոր նշանակումները` Ուոլթս, Ռուբիո, Հեգսեթ, Գաբբարդ և այլն։ Բոլոր այս մարդկանց մտածողության, առաջնհերթությունների և անգամ հրապարակային խոսքի կիզակետում և առաջին պլանում Չինաստանն է։ Մյունխենի հավաքին ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը, Պենտագոնի ղեկավարը առանց սեթևեթանքի պարզ ասել են այս ամենը։ Մեղադրել ԱՄՆ-ին դավաճանության մեջ, անարդար է։ 4 տարի առաջ այս գերտերությունը մի նպատակ ուներ, հիմա այլ նպատակ։ Երկուսի մասին էլ պարզորոշ ասվել է` հատկապես հրապարակավ։ Եվ բնական է, որ Ուկրաինան պետք է հետևի ԱՄՆ-ի առաջնահերթություններին ու դիրքավորմանը, ոչ թե հակառակը։ Դրա մասին էլ է Թրամփը ասել ուղիղ և աներկբա։
Զոհ Զելենսկին ձախողում է քննությունը
Ո՞վ է մեղավոր, որ Ուկրաինան և նրա նախագահը չեն լսում, չեն վերլուծում, դրան համահունչ քաղաքականություն չեն մշակում։ Զելենսկին եկել է Օվալաձև սենյակ և հայտնել նույն մտքերը, ինչ Բայդենի օրոք։ Կոպտագույն սխալ, որ թույլ են տալիս այն առաջնորդները, ովքեր մակերեսային գիտելիքներ ունեն քաղաքականության մասին, միջազգային հարաբերություններից գրեթե իմացություն չունեն, չեն հասկանում իրավիճակի փոփոխությունները, չեն տարբերակում` ում հետ են բանակցում և, նաև, թե ի՞նչ տեխնոլոգիա պիտի կիրառեն, դրա հետ միասին նաև` ինչ փոփոխություններ պիտի մտցնեն իրենց խոսքում և ինչպիսի ուղերձներ պետք է հղեն դիմացինին, և, վերջապես, թերևս ամենակարևորը` չունեն մարդիկ, ովքեր իրենց դեմքին կասեն ճշմարտությունը ու հենց այս ամենը։ Սա տարածված սխեմա է, որը պատահում է աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, հատկապես թույլ պետություն ունեցող երկրներում, որտեղ իշխանության էվոլյուցիոն փոփոխություն չկա։
Զելենսկիի ամենամեծ դժբախտությունը այժմ վրա հասած իրավիճակն է, երբ ԱՄՆ-ն, ըստ էության, պարտադրում է ստորագրել մի փաստաթուղթ, որը հնարավոր էր ունենալ նախքան պատերազմը` Ղրիմից հրաժարում, Դոնբաս-Լուգանսկում ինչ-որ անհաճո կարգավիճակի ֆիքսում և ամենակարևորը` ՆԱՏՕ-ի բացառում։ Եվ ստացվում է` միլիոն զոհն ու երկիրը ասորեստանյան ավերակների վերածելը լիովին իզուր էր։ Այն էլ մի պարագայում, երբ երկրի ներսում անխուսափելիորեն հարցնելու են` այդ դեպքում ինչի՞ համար էր այս ամենը։ Զելենսկին ողբերգական իրավիճակում է հայտնվել. անփոփոխելիության խաղադրույք է կատարել գերտերության փոփոխական շահերի վրա։ Դասական քաղաքական իրավիճակ է` կոպիտ սխալ հաշվարկներում, որոնց համար վճարում են պետություններն ու ժողովուրդները։ Այդ խուճապի արտահայտությունն էլ հենց Զելենսկու վարքն էր և ոչ միայն Սպիտակ տանը, այլև վերջին մի քանի ամիսներին։ Նրա և ամերիկյան վարչակարգի խոսույթն էականորեն տարբերվում էր, և պարզ է, չէ՞, թե ում դիրքորոշումը պետք է հաղթի։ Եթե Զելենսկին լիներ ԱՄՆ-ի պատերազմի հովանավորը, Թրամփը կվռնդվեր սենյակից, մինչդեռ հակառակն է։
Զելենսկին այս իրավիճակում ուներ մեկ տարբերակ` նկատի ունենալ Թրամփի անձը և ամեն ինչ անել, որ այդ մարդուն անձնապես գոհացնի։ Այդպիսի դրական մթնոլորտ ստեղծելով` նա պետք է ներդաշնակեր Թրամփի դիրքորոշմանը` փորձելով առավելագույնս պահել այն, ինչ հիմա հնարավոր է։ Դրա պրակտիկ ֆորման առաջարկել էին ամերիկացիները` մեծ ներդրումներ, պետական, ֆինանսական ինստիտուցիոնալ հարաբերությունների ստեղծում, որն իր հերթին Ուկրաինային դնում էր ԱՄՆ-ից կախվածության մեջ և բերում անվտանգության որոշակի երաշխիքներ։ ԱՄՆ-ի տնտեսական այսպիսի կապվածությունը նաև ինչ-որ առումով պարտավորեցում էր Ուկրաինայի առաջ` ձևելով փոխադարձ շահեր։ Շահերի համընկնում ստեղծելու ու դրանք համատեղ իրացնելու գործն է ցանկացած պետության ղեկավարի որակական գնահատականը։ Այդտեղ է երևում` փոքր կամ թույլ պետության ղեկավարը պիտանի՞ է, իր տեղո՞ւմ է, կարողանո՞ւմ է համադրել իր շահերը գերտերությունների հետ, որպեսզի շատ չտուժի, գուցե մի փոքր էլ հետագայում օգտվի։ Իսկ Զելենսկին նախընտրեց Թրամփին հղել նույն հին, ծեծված մեսիջները` պատերազմի, ավերածության, զոհերի, տառապանքների մասին, որոնք, ի դեպ, Թրամփը երեք տարի է հրապարակավ ծաղրում էր։ Տաքացած լինելով` առանց նկատելու Թրամփին բացեիբաց համեմատեց Պուտինի հետ, քանիցս ընդհատեց, հայտարարեց, որ Ուկրաինան միշտ մենակ է եղել, բարձրաձայն խոսեց Օվալաձև սենյակում և այլն։ Սա վարք էր, որ Թրամփի պես մարդը, որն ունի մեծ էգո ու անհանդուրժող է իր պատկերացմամբ անքաղաքավարի պահվածքի հանդեպ, տանել չի կարող։ Անգամ Իլոն Մասկի մանկահասակ որդու հանդեպ Թրամփը ներողամիտ չգտնվեց` նախագահական սեղանը ռեստավրացիայի ուղարկելով։ Այնպես որ, բանակցությունների գնացող առաջնորդը պետք է իմանա՝ ում հետ է խոսելու, ինչ պետք է խոսի, երբ լռի` դափնիներով վերադառնալու համար։ Եվ ամենակարևորը` իմանա, թե ինչ ռեսուրս ինքն ունի։ Այլապես` կվռնդվի դատարկաձեռն։
Զելենսկու այս դրաման հրաշալի դասագրքային օրինակ կարող է լինել ցանկացած այլ առաջնորդի համար, ով բանակցությունների է գնում` առանց պատրաստության։ Հիրավի, Զելենսկին նախօրեի դրամայի տուժածն է, ամերիկյան վարչակազմի, անձամբ Թրամփի ու Վենսի անհամարժեք ագրեսիայի զոհը։ Մարդկայնորեն դա չի էլ քննարկվում, բայց դա, միաժամանակ, քաղաքական կատեգորիա չէ։ Անօգուտ է քաղաքականությունը, առավել ևս միջազգային հարաբերությունները, որոնք խիստ դաժան միջավայր են ցանկացած «միամիտի» համար, վերլուծել՝ առաջնորդվելով խղճմտանքի, քաղաքավարության, արդարության ու նմանատիպ այլ հարացույցերով։ Իսկ այժմ Ուկրաինայի նախագահը ոչ միայն կանգնել է պատերազմի հիմնական դոնորին կորցնելու վտանգի առաջ, այլև գուցե հայտնվել Ուկրաինայում հնարավոր իշխանափոխության թակարդում։
Մակրոնն ու Սթարմերը անցան «հրեշի աշխարհը»
Այս համատեքստում լիովին այլ մաստեր-կլաս ցույց տվեցին Թրամփին այցելած Էմանուել Մակրոնն ու Քիթ Սթարմերը։ Երկուսի դեպքում էլ լարվածությունը, բնականորեն, կար։ Ընդհանրապես, Թրամփի հետ հանդիպող և հատկապես տեսախցիկների առաջ շփվող մարդիկ լուրջ դիսկոմֆորտի մեջ են լինում, որպեսզի անկանխատեսելի դրությունը չվերածվի պայթյունի։ Թե՛ Մակրոնը, թե՛ Սթարմերը հաջողությամբ խուսափեցին դրանից` տեղ-տեղ նուրբ արձագանքելով, տեղ-տեղ ատամները կրճտացնելով ու լռելով։ Ուշադրության հատուկ արժանի էր Սթարմերի դեպքը, որին ասուլիսի ժամանակ Թրամփը անհարգելից ընդհատեց և «հրամայեց» այլևս չխոսել։ Եվ ի՞նչ արեց «սադրված» ՄԹ վարչապետը` բացի ակնոցները Թրամփի վրա շպրտելու միտքը գլխից շուտափույթ հեռացնելուց։ Ոչինչ։ Պարզապես լռեց ու վերադարձավ Լոնդոն` իր հետ տանելով մաքսատուրքերի 0 ավելացում բրիտանական ապրանքների համար։ Ավելի լա՞վ կլիներ` հայհոյել Թրամփին ու տուն գնալ ճնշված, ունեզուրկ ու երկիրը կրախի մատնելու բեռով։ Գուցե այո` տղայականության տեսանկյունից։ Այդպիսի ճամպրուկով է վերադառնում Զելենսկին։ Ու արդյունքում` ի՞նչ տվեց Սթարմերի լռությունը Բրիտանիային, և ի՞նչ տվեց Զելենսկու հերոսությունը Ուկրաինային։ Մի դեպքում ամոթ էր, մյուս դեպքում հերոսություն։ Զելենսկու տղայականությունն ու արժանապատիվ կեցվածքը, որով նա ձեռնոցը վերադարձրեց Թրամփի ու Վենսի դեմքին, սիրտ հովացնող են, արդար են, մարդկային են, ստոր չեն, նենգ չեն, հերոսական են։ Բայց` և՞: Դա ավելացրե՞լ է Ուկրաինայի հաղթանակի շանսերը, թե՞ հակառակը` Ուկրաինան հայտնվել է Սև ծովն ամբողջությամբ կորցնելու լրջագույն վտանգի առաջ։ Քաղաքականությունը, առավել ևս այսօրվա վիճակում, տղայականության մասին չէ, քաղաքականությունը մի ականջը խուլ պահելու, մի աչքը կույր պահելու մասին է, որտեղ կա 2 գերնպատակ. չկորցնել եղածը և փորձել շահել թեկուզ չնչին նվազագույնը` առանց վտանգելու ամենակարևորը։
Ինչո՞ւ են ատում Թրամփին
Թրամփի հայտարարությունները, վարքը, խոսույթը առաջացրել են համատարած զայրույթ։ Բոլորը՝ ԱՄՆ-ից Եվրոպա, Ուկրաինայից՝ Հայաստան, դժգոհ են, զայրացած, ատելությամբ առլեցուն Թրամփի լեքսիկոնի ու գործողությունների հանդեպ։
Խնդիրը, որքան էլ պարադոքսալ է, ոչ թե վարվող այս քաղաքականությունն է, այլ մատուցման ձևը։ Բոլոր մեծ տերությունները և դրանց կառավարող էլիտաները փաստացիորեն վարվում են հենց այդպես՝ օգտագործում փոքրերին իրենց նպատակների համար՝ թքած ունենալով, թե դրանց ճակատագիրը վերջում ինչպիսին կլինի։ Հայերն էլ նույն ձևով կվարվեին, եթե տարածաշրջանային կամ գլոբալ հեգեմոն լինեին։ Մեծ քաղաքականությունը բարոյախրատականություն, խղճահարություն ու արդարություն չի ճանաչում որևէ մեկի հանդեպ։ Պե՞տք է՝ Ուկրաինան վերածվում է հերոսական ռազմադաշտի, պե՞տք է՝ պատերազմը ավարտվում է հանկարծակիորեն։ Ո՞ւմ հոգսն է, բացի Ուկրաինայի ժողովրդից և ի պաշտոնե՝ էլիտայից, թե քանի հարյուր հազար մարդ մահացավ, քանի միլիոնը տնավեր դարձավ։
Թրամփը, ի տարբերություն ուրիշների, չի կարողանում ձևացնել կամ ազնիվ է գտնվում և այդ ամենի մասին խոսում է բացեիբաց, առանց թաքցնելու, կեղծելու, խաբելու ու շատ ուղիղ։ Նա իր օրինակով կամա-ակամա բացահայտում է՝ ինչպիսին է աշխարհակարգի գիշատիչ օվկիանոսը, որտեղ շնաձկերի կեր դառնալու պատասխանատուն պոտենցիալ «կերն» է։ Եվ շատերը նեղսրտել են՝ ինչպե՞ս կարելի է, չէ որ պետք է զոհին ուտել Հաննիբալ Լեկտըրի պես Բախի հնչյունները՝ օդում, Բոտիչելիի նկարները՝ պատերին, թանկարժեք սպասքով և հատկապես էսթետիկորեն։ Վանո Սիրադեղյանն այս դեպքի համար է ձևակերպում՝ «Քնքշություն ակնկալեք ձեր սիրուհիներից, իշխանության բիրտ բնույթն է այդպիսին»։ Իսկ միջազգային հարաբերություններում արդյունքը միշտ այդպիսին է լինում, երբ թույլ պետությունները մեծերի միջև հաշիվներ պարզելու գործիք են դառնում՝ թյուրընկալում ունենալով, թե կհաջողեն։ Երբեք որևէ փոքր երկիր մեծերի բախման կիզակետում չի հաջողել. միշտ կորցրել է, միլիոնավոր զոհեր տվել, ավերակներ ստացել։ Ձևականությունից քողազերծված այդ ճշմարտությունը Թրամփն անթաքույց հանել է աշխարհի առաջ ու քարկոծվում է հենց դրա համար։ Ոչ ոք չի ասում՝ իսկ պատերազմի երեք տարում Ուկրաինայի ձեռքբերումը ո՞րն է, բացի կոնկրետ տարածքային կորուստներից ու միլիոնի հասնող զոհերից։ Այո, Ռուսաստանը հսկայական տուժել է, Եվրոպան տառապել, Պուտինը միջազգային իզգոյ է, Զելենսկին՝ հերոս։ Բայց ո՞րն է և որտե՞ղ է այս ամենում կոնկրետ Ուկրաինայի շահածն ու օգուտը։
Ու չի քննարկվում՝ ի՞նչ ռեսուրս, հնար ու տարբերակ կա, որ գիշատիչներին զոհ չդառնա։ Թրամփն ուղիղ ասում է՝ «խաղաքարտ չունես հիմա», Զելենսկին ընդհատելով հակադարձում է՝ «ես թղթախաղ չեմ խաղում»։ Հնչում է հրաշալի ու գլադիատորական, ինչ խոսք, բայց դրանից Ուկրաինայի խաղաքարտերը առնվազն չավելացան։ Անշուշտ, դյուրին է անիծել սեփական դժբախտությունն ու խեղճությունը, գտնել մի ուխտադրուժ ոսոխ կամ իրավիճակն արդարացնել Պուտինին «ծառայող» Թրամփով, բայց դրանից Ուկրաինայի ողբերգությունը չի մեղմվում։ Համաշխարահային անարդարությունից բողոքելը ոչ մեկին օգուտ չի բերել, եթե ոչ ամբողջացրել է կործանումը։
Նժդեհ Հովսեփյան