Միջազգային

Ռուսաստանը դժգոհ է հյուպատոսարանի վրա հարձակվածների դատավճռից

Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա «մոլոտովյան կոկտեյլներ» նետած երկու անձը ութ ամսվա ազատազրկման են դատապարտվել: 

Այս մասին հայտնել Է AFP գործակալությունը։ Նրա տվյալներով՝ տղամարդիկ գիշերը կանցկացնեն բանտում, իսկ հետո տնային կալանքի տակ պատիժը կկրեն էլեկտրոնային ապարանջաններով: Նրանց արգելվել է մոտենալ ՌԴ հյուպատոսությանը և զենք կրել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ 

Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին դատարանի նիստում գործողությունը որակել է ահաբեկչություն՝ նշելով, որ բոլոր նշաններն առկա են: Սակայն դատախազը չի համաձայնել դրա հետ՝ նշելով, որ ամբաստանյալների գործողությունները վտանգ չեն ներկայացնում:

Ֆրանսիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ «խորապես վրդովված է» շատ մեղմ դատավճռից, որը բացարձակապես չի համապատասխանում կատարածի ծանրությանը: