Պեկինում մեկնարկել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի բանակցությունները:
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային և տարածաշրջանային առանցքային խնդիրների հարցերի շուրջ ունեն նմանատիպ մոտեցումներ։
«Կցանկանայի հատկապես նշել, որ ես հյուրընկալ Չինաստան եմ ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ փետրվարի 24-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: Այն փաստը, որ մեր հանդիպումը համաձայնեցվել է կարճ ժամանակում, վկայում է երկկողմ երկխոսության առանձնահատուկ բնույթի մասին»,- ասել է Շոյգուն իր ողջույնի խոսքում։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին էլ իր խոսքում հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը, որպես հաղթող երկրներ, պետք է պաշտպանեն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և պատմական ճշմարտությունը։
«Մեր երկրները՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական հաղթողներ և ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է պաշտպանեն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և պատմական ճշմարտությունը, աջակցեն խաղաղությանն ամբողջ աշխարհում և նպաստեն մեր մոլորակի զարգացմանը», - նշել Է ՉԺՀ ԱԳ նախարարը: