Միջազգային

Ավստրիայում վերջապես համաձայնության են եկել կոալիցիոն կառավարման հարցում

Ավստրիայում սեպտեմբերյան ընտրություններից 151 օր անց վերջապես հաջողվել է կազմել կառավարող կոալիցիա։ Այն ներառում է պահպանողական Ժողովրդական կուսակցությունը (ÖVP), Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPÖ) և լիբերալ Neos կուսակցությունը։ Ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած ծայրահեղ աջ և ռուսամետ Ազատության կուսակցությունը (FPÖ) դուրս է մնացել կոալիցիայից․ գրում է BBC-ն։

Կոալիցիա ստեղծելու բանակցությունները դարձել են Ավստրիայի հետպատերազմյան պատմության մեջ ամենաերկարը։ Կառավարություն ձևավորելու երկու նախորդ փորձերը ձախողվել էին։ Ի վերջո, երեք կուսակցությունները հայտարարեցին բանակցությունների հաջող ավարտի մասին։ Կառավարությունը կսկսի գործել հաջորդ շաբաթ, եթե բոլոր կուսակցությունները հավանություն տան համաձայնագրին։ Սա կլինի 1940-ականներից ի վեր Ավստրիայի առաջին եռակուսակցական կառավարությունը։

Նոր կանցլեր կդառնա Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Քրիստիան Շտոքերը։ SPÖ-ի առաջնորդ Անդրեաս Բաբլերի և Neos-ի նախագահ Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս Շտոքերը նշել է, որ բանակցությունները եղել են «գուցե մեր երկրի պատմության մեջ ամենադժվարները»։ Նա ընդգծել է, որ չնայած դժվարություններին՝ նրանք հասել են «առաջընթացի», որը «նվազագույն փոխզիջում» չէ։

Ծրագրում ընդգծվում է նաև նոր կառավարության հավատարմությունը «ավելի ուժեղ և լավ Եվրոպական Միությանը»։