Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած դաշինքի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հաստատում է, որ սոցիալ-դեմոկրատների հետ բանակցություններ են սկսվել կոալիցիայի ստեղծման շուրջ։
«Բանակցությունների բովանդակության մասին այսօր ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռ վաղ է, բայց կարծում եմ, որ մոտ օրերս բանակցությունները կակտիվանան»,- ասել է Մերցը։
Մերցն ասում է, որ իր առաջնահերթություններն են Գերմանիայի արտաքին և անվտանգության քաղաքականությունը, միգրացիան և տնտեսությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Գերմանիայում Բունդեսթագի արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել, որտեղ հաղթել է պահպանողական դաշինքը՝ Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միությունը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ։