ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ օրը կժամանի Վաշինգտոն՝ Ուկրաինայի բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու։
«Դա հաստատված է, մենք պայմանագիր կստորագրենք, որը շատ կարևոր կլինի: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն չի պատրաստվում անվտանգության երաշխիքների առումով չափազանց մեծ խոստումներ տալ Ուկրաինային։ Նախատեսում ենք դա վստահել Եվրոպային, բայց կանենք հնարավորը, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ի մասին, քանի որ հակամարտությունն սկսվել է հենց այս խնդրի պատճառով։ Նա նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «շատ խելացի մարդ» և հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցով գործարք կկնքվի։
«Նա շատ խելացի մարդ է, շատ խորամանկ»,- ասել է Թրամփը և հավելել, որ Պուտինն «ստիպված կլինի զիջումների գնալ»՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրի մաս։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումն այժմ տարբերակ չէ, քանի որ ուկրաինական հակամարտությունը նախ պետք է կարգավորվի։
Թրամփն ասել է նաև, որ Վաշինգտոնը կորոշի 25 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ ապրանքների, այդ թվում՝ մեքենաների վրա։ Նա նաև մեղադրել է ԵՄ-ին ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ։
«Եկեք անկեղծ լինենք, Եվրամիությունն ստեղծվել է ԱՄՆ-ին խաբելու համար: Դա նրանց նպատակն է, և նրանք հաջողեցին: Բայց հիմա ես նախագահ եմ»,- ասել է Թրամփը: