ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, փետրվարի 28-ին, կայցելի Սպիտակ տուն՝ պայմանագիր ստորագրելու համար. գրում է The Guardian-ը։
Պայմանագիրը վերաբերում է Ուկրաինայի բնական ռեսուրսների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների համատեղ մշակմանը, ինչը կօգնի վճարել ՌԴ հարձակումից պաշտպանվելու համար ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
«Լսել եմ, որ նա ուրբաթ կգա։ Իհարկե, ես դեմ չեմ, եթե նա ցանկանա դա անել»,- ասել է Թրամփը։ Նա նշել է, որ պայմանագիրը Ուկրաինային կբերի 350 միլիարդ դոլար, ռազմական տեխնիկա և պայքարը շարունակելու հնարավորություն։
Համաձայնագրի մանրամասները քննարկվել են մի քանի օր՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև լարված բանակցությունների ընթացքում։ Զելենսկին նախկինում պնդել էր, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում՝ ստիպելով ստորագրել 500 միլիարդ դոլարանոց պայմանագիր, որը «պարտք կդնի Ուկրաինայի տասը սերունդների» վրա։ Սակայն երեքշաբթի երեկոյան լրատվամիջոցները, այդ թվում Financial Times-ը, հայտնել են, որ նոր պայմանները ձեռնտու են Ուկրաինային և չեն պարունակում ծանր պարտավորություններ ։ Պայմանագիրը հիմնված է Ուկրաինայի հանքային ռեսուրսների մշակման համատեղ ֆոնդի ստեղծման վրա՝ առանց երկարաժամկետ անվտանգության երաշխիքների, ինչը Կիևը ցանկանում էր։